ՀՀ նախագահը և Նոր Զելանդիայի նորանշանակ դեսպանը քննարկել են միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հարցեր
3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նոր Զելանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Ջուլիան Թրեյնորը (նստավայրը՝ Մոսկվա):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախագահ Խաչատուրյանը հույս է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու տարբեր ոլորտներում կապերի խորացմանը։
«Հայաստանը բարձր է գնահատում Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- նշել է նախագահը։
Իր հերթին, դեսպան Թրեյնորը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր հարթակներում և բազմակողմ ձևաչափերում արդյունավետ համագործակցության վերաբերյալ հարցեր: Նշվել է, որ փոխադարձ աջակցությունը կնպաստի երկու պետությունների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Կարևորվել են միջգերատեսչական շփումները՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարստացնելու նպատակով:
ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկու երկրների գործարար համայնքների միջև կապերի ամրապնդմանն աջակցելու գործնական քայլերի շուրջ: Այս համատեքստում քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հեռանկարները, բիզնես-միջավայրի բարելավմանն ուղղված նախաձեռնությունները և ներդրումային նոր հնարավորությունների բացահայտման ուղիները:
Առանձնահատուկ շեշտադրվել է բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և մշակութային բնագավառներում համագործակցային ներուժի իրականացումը խթանելուն ուղղված քայլերի կարևորությունը:
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել Հայաստանում տնտեսության տարբեր բնագավառների, այդ թվում՝ հանքարդյունաբերության ոլորտում նորզելանդական լավագույն փորձի կիրառմանը:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը: