Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Ի պատասխան Չարչյանի փաստաբանների այն հայտարարությանը, որ նախաքննությունն ավարտելու պայմաններում որևէ կերպ չի կարող խոսք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին, ՀՔԾ-ից հայտնեցին, որ անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվում է նրա պատշաճ վարքագիծը ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության փուլում ապահովելու համար:
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանը ձերբակալվել էր «Իզմիրլյան» ԲԿ-ի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով (ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։
Հունիսի 23-ին դատարանը բավարարել էր ՀՔԾ քննիչի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար։Չարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։