Հասարակական

Ինչ բուժօգնություն ցուցաբերել տեղում. 50 անհետաձգելի վիճակի գործելակարգ ամփոփվել է նոր գրքում

4 րոպեի ընթերցում

Ինչ բուժօգնություն ցուցաբերել տեղում. 50 անհետաձգելի վիճակի գործելակարգ ամփոփվել է նոր գրքում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ հայալեզու գրքում ամփոփվել է շուրջ 50 անհետաձգելի վիճակի գործելակարգ՝ նախահիվանդանոցային բուժօգնության համար, թե ինչպես ախտորոշել, ինչ բուժօգնություն ցուցաբերել տեղում, սանավիացիայի ուղղաթիռով տարհանելիս ինչպես շարունակել օգնությունն օդում և այլն:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունիսի 28-ին տեղի ունեցավ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի գլխավոր տնօրեն, ԵՊԲՀ հետբուհական և շարունակական կրթության կենտրոնի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ Հարություն Մանգոյանի հեղինակած «Նախահիվանդանոցային բուժօգնություն» գրքի շնորհանդեսը:

«Գիրքը նվիրված է շտապօգնությանը, նախահիվանդանոցային բուժօգնությանը: Այն ներկայացնում է բոլոր հետևյալ հարցերը՝ ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել, որ պացիենտի բուժումը շարունակել տանը, որին միանգամից առաջարկել հոսպիտալացում, մինչև հիվանդանոց հասնելն ինչպես պահպանել կենսական կարևոր ֆունկցիաները, որ նվազագույն լինի վնասն առողջությանը: Գրքում լուսաբանվել շուրջ 50 թեմա, անհետաձգելի վիճակ, որի կապակցությամբ մարդիկ կարող են Շտապօգնություն կանչել»,-ասաց Մանգոյանը:

Ըստ հեղինակի՝ Շտապօգնությունը չի աշխատել գործելակարգային ոճով: Գործելակարգային ոճը նշանակում է հստակ իմանալ, թե մի քայլից հետո մյուս քայլը որն է, ոչ ավել քայլեր անել, ոչ պակաս: Գիրքը գրված է հենց այդ ոճով, չկա որևէ նկարագրական մաս: «Ուղղակի հրահանգների հավաքածու է՝ արա այսպես, հետո՝ այսպես, այսքան դեղաչափով...»,-նշեց նա:

Գրքում այսպիսով ներկայացվել է շուրջ 50 անհետաձգելի վիճակի գործելակարգ: Այն նախատեսված է Շտապօգնության բժիշկների, վերակենդանացման մասնագետների, ընդունարանների աշխատակիցների համար: Հայալեզու գրքով նաև առաջին անգամ անդրադարձ է կատարվում օդային տարհանման հարցերին: Հայաստանում սանավիացիայի ուղղաթիռների առկայության պայմաններում այս հարցը դարձրել էր արդեն գործնական նշանակության:

«Պետք է հասկանալ ցուցումները, հակացուցումները, օդում ինչպես օգնությունը շարունակել»,-ասաց հեղինակն ու հավելեց՝ փորձը ցույց է տվել, որ տեսական բազայի կարիք կա:

Գիրքը միջազգային գրականության, միջազգային լավագույն տարբերակների հավաքածու է, որին գումարվել է հեղինակի տարիների փորձը՝ ոչ միայն որպես պրակտիկ բժիշկ, այլ նաև՝ որպես դասախոս:

Մանգոյանը կարևոր տեղեկատվությունը փաթեթավորել է ճիշտ ձևով, մատչելի բառապաշարով:

Գիրքն անվճար հասանելի կդառնա հանրապետության Շտապօգնության բոլոր բժիշկների, կլինիկական օրդինատորների համար: Հեղինակը շատ է ցանկանում, որ այն դառնա նրանց հերթապահության տանելու գիրքը, այն գիրքը, որին կդիմեն որպես օգնական, ընկեր:

Ըստ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի՝ գրքում ամփոփված գործելակարգերը միանշանակ արտացոլում են միջազգային մոտեցումները՝ ապացուցողական բժշկության հենարանի վրա: «Առանց ավելորդ բառակապակցությունների, շատ հստակ ֆիքսված է, թե ինչպիսի գործելակարգ պետք է ունենա բժիշկը այս կամ այն իրավիճակում՝ ցավային համախտանիշի ժամանակ, սուր շնչական անբավարարության ժամանակ՝ մինչև հիվանդանոց տեղափոխելը»,-ասաց ռեկտորը:

Հեղինակը շնորհանդեսին գրքերն անձամբ նվիրեց Շտապօգնության բժիշկներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում