1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանը պետք է հստակ իմանա իր տեղն ու դերը Արևելքում. ԳԱԱ-ում նշվեց Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակը

Հայաստանը պետք է հստակ իմանա իր տեղն ու դերը Արևելքում. ԳԱԱ-ում նշվեց 
Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը հստակ առաքելություն ունի: Ամենակարևոր առաքելություններից մեկը հայ ժողովրդի համար այն կարևորագույն աղբյուրների վերհանումը և ուսումնասիրությունն է, որոնք ամբողջացնում են մեր պատմությունը և առավել հստակ պատկերացում են տալիս Հայաստանի ու հարևան ժողովուրդների պատմության մասին, իսկ մյուսը պայմանականորեն Արևելք կոչվող տարածաշրջանում մեր տեղն ու դերը հասկանալն է՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, էթնոդավանաբանական զարգացումների ուսումնասիրության միջոցով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը՝ ելույթ ունենալով Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովին:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Մեզ համար կարևոր է ուսումնասիրել ժամանակակից քաղաքական, տնտեսական, մշակութային, էթնոդավանական զարգացումները տարածաշրջանում՝ փորձելով վերլուծել և քննել դրանք, որպեսզի հասկանանք՝ ինչ է կատարվում այն տարածաշրջանում, որը պայմանականորեն կոչում ենք Արևելք, որտեղ մենք սկիզբ ենք առել, այժմ էլ ապրում ենք և պիտի հարատևենք: Սակայն դրա համար հասկավոր է հասկանալ մեր տեղն ու դերը տարածաշրջանում, փորձել դասեր քաղել ե՛ւ մեր, ե՛ւ այլոց, հատկապես՝ արևելյան ժողովուրդների պատմությունից, քանի որ գաղտնիք չէ, որ Արևելքը համաշխարհային քաղաքակրթության բնօրրան է: Այս առումով, իհարկե, սա յուրահատուկ տարածաշրջան է: Հարկավոր է ճիշտ գնահատել պայմանականորեն Արևելք կոչվող տարածաշրջանում մեր՝ հայկական քաղաքակրթության ձեռքբերումները, նվաճումները և, ցավոք սրտի, նաև կորուստները», - իր ողջույնի խոսքում նշեց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ Արևելագիտության սեկտորից 1971 թվականին ինստիտուտի վերակազմավորված այս խոշոր գիտական կենտրոնը երկար ճանապարհ է անցել՝ խորհրդային տարիներին կարողանալով մեկտեղ գիտական գաղափարների հիման վրա կառուցված միտքը համամիութենական պահանջների հետ, նպաստելով հայաստանյան արևելագիտության դպրոցի ձևավորմանը, իսկ հետխորհրդային շրջանում՝ հաղթահարելով 1990-ական թթ. դժվարությունները, պահպանելով իր գիտական սերուցքը և ավելի զարգացնել արևելագիտական միտքը Հայաստանում:

«Անկախ Հայաստանի պայմաններում ինստիտուտը ավելի ազատ և լայնածավալ գործունեություն իրականացնելու հնարավորություններ ստացավ և սկսեց ծառայել ՀՀ պետական շահերին: Այն այժմ ևս իր գիտական, միջազգային կապերով և արդյունքներով հանդիսանում է Գիտությունների ազգային ակադեմիայի արդյունավետ գործունեություն ծավալած և գիտական նվաճումների հասած ինստիտուտներից մեկը», - ասաց ակադեմիայի նախագահը:

Հունիսի 24-ին, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հիմնադրման 50-ամյակին նվիրված «Արևելագիտության արդի հիմնախնդիրներ» հոբելյանական միջազգային գիտաժողովի բացումը։

Գիտաժողովի մասնակիցները հանդես եկան ելույթներով: Հետո ցուցադրվեց ֆիլմ Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության բաժնի (սեկտորի), այնուհետև՝ դրա հիման վրա ձևավորված Արևելագիտության ինստիտուտի պատմության ու գործունեության մասին:

Ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտը հիմնադրվել է ուղիղ 50 տարի առաջ՝ 1971 թ. հունիսի 24-ին, Խորհրդային Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության սեկտորի հիման վրա՝ Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշման համաձայն:

Արևելագիտության ինստիտուտը ղեկավարել են անվանի գիտնականներ՝ ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանը (սեկտորի վարիչ, 1958-59 թթ.), պատմագիտության դոկտոր Հովհաննես Ինճիկյանը (սեկտորի վարիչ, 1959-71 թթ.), ակադեմիկոս Գագիկ Խորենի Սարգսյանը (ինստիտուտի տնօրեն, 1971-95 թթ.), ակադեմիայի թղթակից անդամ Նիկոլայ Հովհաննիսյանը (ինստիտուտի տնօրեն, 1995-2006 թթ.), ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը (ինստիտուտի տնօրեն, 2006-2020 թթ.): 2020 թվականից ինստիտուտի տնօրենը պատմագիտության թեկնածու, դոցենտ Ռոբերտ Ղազարյանն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]