Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Օգոստոս

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Սամվել Բաբայանի հետ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ին հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Փաշինյանը նշել է, որ որքան հնարավոր է հետևել է Բաբայանի քարոզարշավին նախընտրական շրջանում, և ափսոսանք հայտնել, որ Բաբայանի քաղաքական ուժը չի հաղթահարել խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ արգելքը: «Եվ այսօրվա հանդիպումը նախաձեռնել եմ՝ լսելու Ձեր տեսակետները հետագա քաղաքական պրոցեսների մասին և նաև այն մասին, թե ինչպես կարող ենք մենք, ինչ ֆորմատներ ենք հնարավոր տեսնում, որպեսզի արտախորհրդարանական ընդդիմությունը, այդ թվում՝ Դուք, և կառավարությունը փոխադարձաբար ավելի լսելի լինենք իրար համար, ինչպիսի հնարավորություններ եք տեսնում այս ամենում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Սամվել Բաբայանը նշել է. «Շնորհակալ եմ: Առաջին հերթին, բոլորիդ շնորհավորում եմ, Ձեր կուսակցությանը, որովհետև, իրոք, մեծ պատասխանատվության տակ եք մտել»։ Նա հավելել է, որ ապագան պետք է կառուցել, և Հայաստանը մեծ հույսեր է կապում Փաշինյանի հետ, որ զարգացում ապահովվի, պաշտպանված լինի: «Ես իմ կողմից մյուս 2 կուսակցություններին ևս շնորհավորել եմ, որովհետև պետք է կարողանաք համախմբել այս վիճակը և դրան պիտի գնանք: Ապագան դա է պահանջում մեզանից: Բոլորը, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի: Իմ կարծիքն այն է, որ ներքին կայունությունը մեծ խնդիրներ է լուծելու, եթե բոլորս գիտակցենք ու հասկանանք, որ մեր պետության շահը պետք է գերադասել ամեն ինչից բարձր: Սա առաջինը:

Երկրորդը՝ այս ամբողջ քաղաքական պրոցեսի մեջ մենք ներկայացրել ենք մեր տեսակետը: Ես կփորձեի նշել քաղաքական ֆունդամենտալ խնդիրները՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը հիմքն է: Այս ամբողջ վայրիվերումները, իմ և մեր թիմի կարծիքով, գալիս են օրենսդրական բազայի անկատարությունից և երկիմաստությունից: Սա լուրջ պրոբլեմ է, և իմ խնդրանքն է, որ հետագայում դրան շատ լուրջ ուշադրություն դարձնեք: Մենք պետք է պետությունը հզորացնենք այնպես, որ մարդն իր ամբողջ դրական լիցքերը կարողանա ներդնել, և ոչ մի խոչընդոտ չլինի: Չարիքը բոլորիս մոտ էլ կա, պետք է սահմանափակենք օրենքներով, օրենսդրական ակտերով, որ չլինի:

Նորից եմ ասում, անկեղծ ուրախ եմ, - որևիցե կապ չունի, թե մենք ինչ տոկոս ենք ստացել, ինչ է եղել, ինչպես է եղել - ժողովուրդն է որոշում, ես բազմիցս ասել եմ՝ այդ ձև են ճիշտ գտել, այդ ուղղությամբ են տեսել իրենց ապագան, գնացել են այդ ուղղությամբ: Դա պետք է բոլորս ողջունենք, փորձենք՝ ինչքանով կարող ենք օգտակար լինել այդ ամբողջ պրոցեսին»:

Նիկոլ Փաշինյանը և Սամվել Բաբայանը քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]