Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Օգոստոս

Պատվաստումների կատարողականը նվազել է

Պատվաստումների կատարողականը նվազել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 65 հազար 719 մարդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նրանցից 53 հազարը ստացել է առաջին դեղաչափը, ավելի քան 12 հազարը ստացել է երկրորդ դեղաչափը:

«Փաստորեն, ընդհանուր բնակչության մոտ 2 տոկոսն է պատվաստվել: Դա նշանակում է, որ պատվաստումների հարցով տարածաշրջանում Հայաստանը հետին տեղում է: Սա շատ վատ ցուցանիշ է, եթե այս տեմպերով գնանք, ապա կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, սահմանափակումները հանելու նպատակի իրագործման ժամկետը կերկարաձգվի, տարիներ կտևի»,-ասաց Գայանե Սահակյանը:

Ներկայում օրական կատարվում է մոտ 1 500 դեղաչափ պատվաստում, իսկ նախկինում կատարվում էր օրական 2 000 դեղաչափ պատվաստում: Դա նշանակում է, որ երկրում պատվաստումների կատարողականը նվազել է: Մասնագետի խոսքով, միգուցե այս պասիվությունը պայմանավորված է երկրում համաճարակային կայուն իրավիճակով: Երբ ամիսներ առաջ կորոնավիրուսով վարակվելու դեպքերն օրական հազարի էին հասնում, այդ ժամանակ քաղաքացիները ահաբեկված շտապում էին պատվաստվելու: Հիմա կորոնավիրուսի վարակի դեպքերի կտրուկ աճ դեռ չկա, սակայն մասնագետները կանխատեսում են առաջիկայում դեպքերի ավելացում՝ հաշվի առնելով, որ վիրուսի վերարտադրողական ցուցանիշն աճել է:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ն: Պատվաստումներն անվճար են: «ԱստրաԶենեկա»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: «Սպուտնիկ V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]