Մարզային

Նորատուսում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

2 րոպեի ընթերցում

Նորատուսում կիրականացվի սուբվենցիոն երկու ծրագիր

ԳԱՎԱՌ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ ։ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի 21 փողոցներում եւ նրբանցքներում այս տարի ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կկառուցվի լուսավորության ցանց, կասֆալտապատվի երկու փողոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնից` լուսավորության ցանցի կառուցման ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 18 միլիոն 876 հազար դրամ, որի 65 տոկոսը կամ 12 միլիոն 269 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը կամ 6 միլիոն 606 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։ Նախատեսված է տեղադրել 120 լուսատու՝ 4,5 կիլոմետր ընդհանուր երկարությամբ։ Լուսավորության ցանցն աշխատելու է ԼԵԴ համակարգով։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

Նույն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն Տերյան եւ Թումանյան փողոցներում՝ 800 գծամետր ընդհանուր երկարությամբ եւ 5 380 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի նախնական ընդհանուր արժեքը կազմում է 60 միլիոն 707 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 27 միլիոն 318 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 33 միլիոն 389 հազար դրամը՝ Նորատուսի համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում ասֆալտապատ կդառնա Թումանյան փողոցից դեպի թիվ 2 միջնակարգ դպրոց տանող ճանապարհը։ Շինարարական աշխատանքների մրցույթը հայտարարված է։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում