Հասարակական

Հանրային հեռուստաընկերությունը չի ուսումնասիրի քաղաքական գովազդի բովանդակությունը

3 րոպեի ընթերցում

Հանրային հեռուստաընկերությունը չի ուսումնասիրի քաղաքական գովազդի բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից տրամադրվող հոլովակների բովանդակության համար: Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից։

Ըստ աղբյուրի՝ Հանրային հեռուստաընկերությունը նախընտրական քարոզչության շրջանակում մինչ այս պահն առաջնորդվել է երրորդ կողմի իրավունքների առերևույթ խախտումը կանխելու սկզբունքով և օրենսդրական վիճելի կարգավորումների պայմաններում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հետ համագործակցությամբ ձեռնպահ է մնացել իրավական տեսանկյունից խնդրահարույց դրվագների ցուցադրությունից: Հաղորդվում է, որ Հանրայինը նախօրեին դիմել էր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին և Մարդու իրավունքների պաշտպանին՝ խորհրդատվական կարծիքի համար՝ նման դեպքերում հստակ և համապարփակ իրավական մոտեցում ցուցաբերելու նպատակով: Առաջին ալիքը, ուսումնասիրելով շահագրգիռ կառույցների կողմից ստացված պատասխանները, եզրակացրել է, որ կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության բովանդակության գնահատումը, չունենալով օրենքով հստակ սահմանված չափորոշիչներ և սահմաններ, պարունակում է սուբյեկտիվության ռիսկեր։

«Այդպիսով, Հանրային հեռուստաընկերությունը հայտնում է, որ պատասխանատվություն չի կրում նախընտրական քարոզչության ժամանակ քաղաքական ուժերի կողմից տրամադրվող հոլովակների բովանդակության համար: Հանրայինն ամբողջությամբ կհեռարձակի կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից ներկայացվող հոլովակները՝ չուսումնասիրելով դրանցում առկա հնարավոր իրավական ռիսկերը: Այնուամենայնիվ, Առաջին ալիքը կոչ է անում քաղաքական ուժերին ձեռնպահ մնալ ատելության խոսքից՝ մաքուր պահելով Հանրայինի եթերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հանրային հեռուստաընկերությունը հաղորդագրությամբ շնորհակալություն է հայտնել խորհրդատվական կարծիք տրամադրած կառույցներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում