Հասարակական

ՀՀ ԶՈՒ-ն փորձում է բանակցային ճանապարհով լուծել 6 գերեվարված հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈՒ-ն փորձում է բանակցային ճանապարհով լուծել 6 գերեվարված հայ զինծառայողներին վերադարձնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս պահին շարունակվում են բանակցությունները Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարված վեց հայ զինծառայողներին վերադարձնելու հարցով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շտաբի միջոցով բանակցությունները շարունակվում են, որի շրջանակներում հակառակորդը ներկայացրել է հայկական և իրենց ուժերի հետքաշման պայման։ Իսկ մենք հայտնել ենք մեր պայմանները, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումները, որոնք մայիսի 27-ին ժամը 5-ից 10-ը լրիվ ծավալով զբաղեցրել են իրենց դիրքերը, հետ կքաշենք այն պայմանում, եթե նրանք վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին, այլ պայման մեզ համար ընդունելի չէ»,- հայտնեց ԳՇ պետի տեղակալը:

Ըստ Ասրյանի՝ զինված ուժերի ստորաբաժանումները պատրաստ են իրենց առջև խնդիրը կատարել։

«Բոլոր դեպքերում ռազմական ղեկավարությունը, որպեսզի բարդ իրավիճակներ չստեղծվի, փորձում է բանակցային ճանապարհով լուծել այդ հարցը»,- ասաց Ասրյանը։

ԳՇ պետի տեղակալը նշեց, որ սկզբնական ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերին տվել են մեկ ժամ, որպեսզի վերադարձնեն 6 գերեվարված զինծառայողներին, մեկ ժամը անցնելուց հետո կապվել են ռուս գործընկերները և ներկայացրել, որ Բաքվում գլխավոր շտաբը անց է կացնում խորհրդակցություն և քննարկվում է գերեվարված զինծառայողների վերադարձման գործընթացը։ Ըստ նրա՝ այդ է պատճառը, որ ՀՀ ԶՈՒ-ն համապատասխան գործողություններ չի իրականացրել։

«Եթե մեր զինծառայողների վերադարձման պայմանը չկատարվի, ապա մշակում ենք համապատասխան պլաններ, որը այստեղ ներկայացնել չեմ կարող»,- եզրափակեց Ասրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում