Միջազգային

Պատժամիջոցների պատճառով օտարերկրացիները չեն կարողանում լքել Բելառուսի տարածքը

2 րոպեի ընթերցում

Պատժամիջոցների պատճառով օտարերկրացիները չեն կարողանում լքել Բելառուսի տարածքը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսում գտնվող մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց երկրներ՝ կապված բելառուսական ավիաընկերությունների չվերթների չեղարկման և Բելառուսի տարածքով այլ ավիաընկերությունների թռիչքները դադարեցնելու փաստի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Բելառուսի պետական սահմանային հանձնաժողովը:

Գերատեսչությունից նշել են, որ մեծ թվով օտարերկրացիներ դիմում են իրենց՝ տուն վերադառնալու հարցում խնդիրների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, սակայն Բելառուսի պետական սահմանային կոմիտեից հայտնել են, որ խնդիրն իրենց լիազորությունների շրջանակում չէ: Նրանք խորհուրդ են տվել օտարերկրացիներին դիմել իրենց երկրների դիվանագիտական և հյուպատոսական ծառայություններ:

ԵՄ առաջնորդները որոշում են կայացրել արգելել բելառուսական ինքնաթիռների թռիչքները եվրոպական օդային տարածքում, ինչպես նաև խորհուրդ տվել եվրոպական ավիաընկերություններին՝ խուսափել թռիչքներ իրականացնել Բելառուսի տարածքով:

Բելառուսի դեմ պատժամիջոցներ են սկսել կիրառվել այն բանից հետո, ինչ Ryanair-ի ինքնաթիռը, որը մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս էր թռչում, արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկի օդանավակայանում: Պատճառն ինքնաթիռում ականի մասին տեղեկությունն էր, որն այդպես էլ չհաստատվեց: Ինքնաթիռում է գտնվել նաև Բելառուսում ծայրահեղական որակված Ռոման Պրոտասևիչը, ով փաստաթղթերի ստուգման ժամանակ իր դեմ ավելի վաղ հարուցված քրգործերի շրջանակում ձերբակալվել է: Նրան ներկայացված մեղադրանքների շարքում է «զանգվածային անկարգությունների հրահրումը»: Պրոտասևիչին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում