Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Զոհվածների, հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքները աղբահանության վճարի արտոնություն կստանան

Զոհվածների, հաշմանդամություն ձեռք բերածների ընտանիքները աղբահանության 
վճարի արտոնություն կստանան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ավագանին որոշեց Արցախյան պատերազմների, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ հատուկ առաջադրանքներ կատարելու ժամանակ զոհված, անհայտ կորած, կամ անհայտ բացակայող, կամ մահացած ճանաչված, գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին տրամադրել աղբահանության վճարի դրույքաչափի նկատմամբ արտոնություն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, զեկուցողը` Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանն ասաց, որ սույն որոշմամբ այդ անձինք կազատվեն աղբահանության վճարի պարտավորությունների և հաշվարկված տույժերի վճարումից՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

«Տվյալ որոշմամբ ընտանիքի անդամներ են հանդիսանում ամուսինները, ծնողները և զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), տատը և պապը, եթե նրանք սույն որոշման 1-ին կետում նշված զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում, ինչպես նաև քույրերը և եղբայրները, եթե վերջիններս սույն որոշման 1-ին կետում նշված զոհվածի մահվան օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում և ամուսնացած չեն եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զոհվածների, անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված, գերեվարված զինծառայողների ընտանիքի անդամները, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալ-տնտեսական կարգավիճակում, նպատակահարմար եմ գտնում վերոնշյալ կատեգորիայի անձանց և նրանց ընտանիքներին տրամադրել աղբահանության վճարի արտոնություն»,- նշեց Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ «Աղբահանության վճարի արտոնություն սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը կնպաստի նշված կատեգորիայի անձանց ֆինանսական ծանրաբեռնվածության փոքր-ինչ թեթևացմանը:

Որոշումն ընդունվեց 32 «կողմ» ձայներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]