Հասարակական

Մինչեւ տարեվերջ Շողակաթում կշահագործվեն արեւային ֆոտովոլտային 5 կայաններ 

2 րոպեի ընթերցում

Մինչեւ տարեվերջ Շողակաթում կշահագործվեն արեւային ֆոտովոլտային 5 կայաններ 

ԳԱՎԱՌ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի տարածքում մեկնարկել են 19 մեգավատտ ընդհանուր հզորության 5 արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը, 2 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայան կառուցվում է Արտանիշ գյուղի տարածքում, 3, 4, 5-ական երկու կայաններ էլ՝ Շողակաթ գյուղում։ Մինչեւ տարեվերջ կայանները պատրաստ կլինեն շահագործման։ «2021 թվականի մայիսի 25-ի դրությամբ Շողակաթի վարչական տարածքում գործում են 14,1 մեգավատտ հզորության կայաններ, որոնց գումարվելու է 19 մեգավատտ հզորությունը։ Յուրաքանչյուր մեգավատտ հզորության կայանի կառուցման համար ներդրվում է շուրջ 400 միլիոն դրամ, ուստի այս տարի մեր համայնքում միայն ֆոտովոլտային կայանների կառուցման ուղղությամբ ունենալու ենք 7 միլիարդ 600 միլիոն դրամի ներդրում։ Կայանների շինարարության ընթացքում բացվելու է մոտ 225 ժամանակավոր եւ 30 մշտական աշխատատեղ։ Այսքանով, սակայն, մեր հնարավորություններն այս ոլորտում չեն սահմանափակվում, ավելին՝ այս ճյուղը մեզ մոտ համարվում է հեռանկարային, քանի որ արեւային էներգիայի արտադրության համար համապատասխան տարածքներ շատ ունենք։ Այս պահի դրությամբ նույնիսկ 50 մեգավատտ հզորության կայաններ կառուցելու լրացուցիչ պահանջարկ կա։ Մնում է միայն, որ իրենց համաձայնությունը տան Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ «ԲԷՑ» ընկերությունը»,- իրավիճակը ներկայացրեց Սուլիկո Շուշանյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում