Բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացված կլինեն նոր ստեղծված կայքում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում կայացավ բնության հատուկ պահպանվող տարածքները ներկայացնող պաշտոնական ինտերնետային կայքի շնորհանդեսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայք կարելի է մուտք գործել https://protectedareas.am/ հղմամբ:
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը նշեց, որ կայքը կարևորագույն գործիքներից է դառնալու հատկապես այն մարդկանց համար, ովքեր կցանկանան ժամանել Հայաստան, որպեսզի ծանոթանան ՀՀ շրջակա միջավայրի հետ:
«Այս կայքում Հայաստան այցելող զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ մեր երկրի բնության հատուկ պահպանվող տարածքներին»,- ասաց Մազմանյանը:
Ընդհանուր առմամբ Հայաստանում կա 3 պետական արգելոց, 4 ազգային պարկ, 27 պետական արգելավայր և 232 բնության հուշարձան:
«Կայքը գործում է 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Տեղ գտած տեղեկությունները ստացել ենք Շրջակա միջավայրի նախարությունից, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին: Protectedareas.am-ում բոլոր պահպանվող տարածքների մասին անհատապես պատմություններ կան և՛ համառոտ, և՛ ընդլայնված տարբերակներով, կան նաև տեսանյութեր, որոնք անգլերեն են»,- ասաց Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանը:
Կյաքում տեղադրված են նաև բնության հատուկ պահպանվող տարածքների արահետների քարտեզները, որոնք հնարավոր է ներբեռնել բջջային համապատասխան հավելվածի միջոցով: Հավելվածը գործում է և՛ IOS, և՛ Android համակարգերում:
Protectedareas.am-ում գրեթե բոլոր կադրերը նկարահանված են դրոններով, որպեսզի հնարավոր լինի այդ տարածքները տեսնել բոլոր կողմերից՝ 360 աստիճան շառավղով և ավելի լավ ուսումնասիրել դրանք: Նկարները հագեցած են համապատասխան գործիքներով, որոնց վրա սեղմելով կարելի է տեղեկություն ստանալ տվյալ տեղանքի, կենսաբազմազանության, կենդանական և բուսական աշխարհների մասին:
Կայքը ստեղծել է «360Stories» ընկերությունը: