1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը

Կամերային երգչախումբը սկավառակի շնորհանդես-համերգով ներկայացրեց Էդգար 
Հովհաննիսյանի խմբերգերը

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական կամերային երգչախումբը, որը ձայնագրել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի խմբերգերը, կատարած աշխատանքը  երաժշտասերներին ներկայացրեց շնորհանդես-համերգով: Երեկոն տեղի ունեցավ մայիսի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ երգչախումբը կատարեց Հովհաննիսյանի խմբերգերը: Մենակատարներն էին Նելլի Վարդանյանը, Ջեննի Նազարյանը, Անդրանիկ Մալխասյանը, Թամարա Մոսինյանը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչախմբի տնօրեն, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիլյամ Վայները հիշեցրեց, որ երգչախումբը, որը հիմնադրել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հարություն Թոփիկյանը, այս տարի դառնում է 25 տարեկան:

«Մեր առաքելությունն է Կոմիտասի ամբողջ երգչախմբային գործերը ձայնագրելը: Ունենք բազմաթիվ CD-ներ, հասցրել ենք ձայնագրել Կոմիտասի 148 խմբերգ: Մեծ ցանկություն կա ձայնագրելու «Բեռլինյան պատարագ»-ը, որը նա գրել է ուսանողական տարիներին: Հարությոն Թոփիկյանը  կարևորում էր նախ և առաջ հայ դասականների ստեղծագործությունները կատարելը, դրանք ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում ներկայացնելը»,-ասաց նա ու հավելեց, որ չի հիշում գրեթե մեկ համերգ, որի ընթացքում Հովհաննիսյանի խմբերգերը հնչած չլինեն: Նրա գործերը ձայնագրելու գաղափար միշտ է եղել, սակայն հասունացել է տասը տարի առաջ:

Վայները չի պատկերացնում, թե ինչու մինչ օրս ոչ մի երգչախումբ դա չէր արել: «Հիմնականում կատարում են Հովհաննիսյանի հայտնի ստեղծագործությունները, օրինակ՝ «Էրեբունի-Երևան»-ը: Քչերն են ծանոթ նրա խմբերգային արվեստին: Սկավառակում ներառել ենք 15 խմբերգ: Անպայման պետք է ձայնագրվեր «Տերյանական շար»-ը, սակայն մենք ընտրեցիքն շարքից լավագույններն ու լրացրինք նրա ժողովրդական  երգերի մշակումներով»,-պատմեց երգչախմբի տնօրենը:

Ըստ Վայների՝ անվանի հայ կոմպոզիտորները շատ են, բայց ոչ բոլորին է տրված զգալ երգչախումբը, այնինչ Հովհաննիսյանը Կոմիտասից հետո լավագույններից է, որ խորքային ուսումնասիրել է երգչախումբ երևույթը, և երգչախմբային արվեստում նրա ներդրումն ու ավանդը հսկայական են:

Վայները տեղեկացրեց, որ սկավառակի ձայնագրման աշխատանքները դադարեցվել են համավարակի, պատերազմի և Հովհաննես Թոփիկյանի կորստի պատճառով: Ձայնագրման գործընթացը շարունակել են խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ, որը երգչախմբի հիմնադրման օրվանից աշխատում է: «Հարվածները ծանր նստեցին մեզ վրա: Չգիտեինք՝ ինչպես ենք առաջ քայլելու, բայց Թոփիկյանին հաջողվեց ստեղծել ոչ ուղղակի աշխատատեղ, այլ ընտանիք: Մեկը մյուսին հասկանալով, սիրելով և մի բռունցք դարձած այժմ շարունակում ենք ակտիվ աշխատել Քրիստինա Ոսկանյանի հետ, շարունակում ենք մեր ավանդույթները: Երջանիկ ենք, բեմ բարձրանալ ու հերթական համերգից հետո բեմից հաղթանակած իջնել: Դրանից ավելի բարձր զգացողություններ երաժշտի համար չկան»,-շեշտեց տնօրենը:

Նա շնորհակալություն հայտնեց  Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տնօրինությանը և բոլորի աջակիցներին, որոնք դերակատարում  են ունեցել սկավառակի թողարկման գործում:

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]