Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց «Լաթիթյուդ» պատկերասրահում  

Նկարիչ Վազգեն Քալայջյանի երեսուն տարվա աշխատանքները կցուցադրվեն նորաբաց 
«Լաթիթյուդ» պատկերասրահում

 

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկար տարիներ ԱՄՆ-ում ապրող և ստեղծագործող նկարիչ Վազգեն Քալայջյանը մայիսի 16-ին «Երևան Բիենալե արվեստի հիմնադրամի» ջանքերով բացված «Լաթիթյուդ» պատկերասահում կներկայացնի վերջին երեսուն տարվա ընթացքում ստեղծած 40-ից ավելի լավատեսական աշխատանքներ:

«Սրտի հոսք» խորագրով  ցուցահանդեսում այցելուները կարող են ծանոթանալ արվեստի համարձակ գործերի, որոնցում արտացոլված է նկարչի փիլիսոփայությունը, նրա համակրանքը քրիստոնեական, շամանական և զենիստական ուսմունքների հանդեպ: 

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Երևան Բիենալե արվեստի հիմնադրամի» մամուլի հետ կապերի պատասխանատու Իննա Հովհաննիսյանը նշեց, որ բացմանը Քալայջյանը կնկարի ներկաների համար, կներկայացնի իր աշխատանքների  ստեղծման  պատմությունը: 

Վազգեն Քալայջյանն իր գործերով ցանկանում է ասել, որ 1990-ականներից ի վեր Հայաստանը բազմաթիվ խնդիրներ է հաղթահարել, և անցած ուղին հնարավորություն է տալիս վերանայել մեր կյանքը, ինքներս մեզ, մեր պատմությունը: 

«Այս դժվարությունները ստիպեցին քննելու ինքներս մեզ, հասկանալու, թե ով ենք մենք հիմա և որտեղ ենք ուզում լինել։  «Սրտի հոսքը» այս պահին արթուն և զգոն լինելու մասին է, որպեսզի կարողանանք կերտել ապագան»,- մի առիթով նշել է Քալայջյանը:

Չնայած 44-օրյա պատերազմի և համավարակի պատճառով առաջացած խոչընդոտներին, նկարիչն իր կնոջ հետ մշտապես տեղափոխվել է Հայաստան։  

«Հիմա ավելի քան երբևէ ժամանակն է համախմբվելու ու ստեղծագործելու։ Անցյալի համոզմունքներն այլևս արդի չեն. մենք պետք է նորերը ստեղծենք»,- կարծում է նա: 

Քալայջյանի վերջին հայաստանյան ցուցահանդեսը 2005 թվականին էր Հայաստանի ազգային պատկերասրահում։ Այդ ժամանակից ի վեր նա ակտիվորեն ցուցադրվել է Անգլիայում, «Kaleidoscope» պատկերասրահում (Նյու Յորք) և այլ հայտնի ցուցասրահներում:    

«Լաթիթյուդ» ցուցասրահը բացվել է 2019-ին: Համավարակի տարածման, Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով այն ժամանակավոր փակվել է: Պատերազմի ընթացքում ցուցասրահը հյուրընկալել է Արցախից Հայաստան եկած ընտանիքների: 

Վերաբացումից հետո «Լաթիթյուդ»-ում ցուցադրվել են ժամանակակից ստեղծագործողներ Սարկո Մենեի և Արմեն Հակոբջանյանի գործերը: 

Իննա Հովհաննիսյաննի խոսքով՝ ցուցասրահը գաղափարների իրականացման հարթակ է, իսկ հիմնադրամի հիմնական նպատակը՝ արվեստի ոլորտի կրթությունը զարգացնելը: «Առաջիկայում իրականացնելու ենք արվեստի կրթության ծրագիր, որը միտված է արվեստի մենեջերներ, համադրողներ, արվեստի քննադատներ և այլ մասնագետներ կրթելուն: Մենք լուրջ պոտենցիալ ունենք և շատ կարևոր է, որ լինեն մասնագետներ, որոնք կկարողանան ճիշտ կառավարել այդ ներուժը»,-ընդգծեց Հովհաննիսյանը: 

Նա տեղեկացրեց, որ հիմնադրամն ունի ռեզիդենտ արտիստներ Հայաստանից, բայց համագործակցում է նաև արտասահմանյան կազմակերպությունների և համադրողների հետ: Նախատեսում են նաև բիենալե կազմակերպել, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի բազմաթիվ արվեստագետների աշխարհի տարբեր երկրներից:

 

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]