Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունիս

Բաբաջանյանը վստահեցնում է՝ իր կուսակցությունը մասնակցել է ԸՕ փաթեթի քննարկումներին

Բաբաջանյանը վստահեցնում է՝ իր կուսակցությունը մասնակցել է ԸՕ փաթեթի 
քննարկումներին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը վստահեցնում է, որ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը մասնակցել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի մշակման, քննարկման աշխատանքներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանն այս մասին ասաց ԱԺ արտահերթ նիստում փաթեթի քննարկմանը:

«Մեր կուսակցությունը մասնակցել է քննարկումներին՝ որպես արտախորհրդարանական ուժ, և մենք աջակցել ենք այս փոփոխություններին: Եվ ես այստեղ կողմ եմ քվեարկելու»,-ասաց նա:

Անդրադառնալով արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ ընտրություններին քվեարկելու հնարավորություն չունենալու հարցին՝ պատգամավորը նշեց, որ այդ հարցով բազմաթիվ դիմումներ են գրել: «Այո, մենք հիմա չենք դիտարկում այդպիսի հնարավորություն, բայց ինչ-որ պահի չափազանց կարևոր է, որ կարողանանք այս խնդրին լուծում գտնել: Իհարկե ռիսկերը կան, բայց այդ ռիսկերը պետք է կառավարել, պետք է ընդունակ լինենք մեր քաղաքացիներին ևս ընտրելու իրավունքով օժտել»,-ասաց Բաբաջանյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը դժգոհել էր, թե Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթի վերջնական տարբերակը չի քննարկվել քաղաքական ուժերի հետ, հանրային քննարկման չի դրվել:

ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Դրա ընդունման դեպքում, ի թիվս այլ փոփոխությունների, էապես նվազեցվելու է Ազգային ժողովի պատգամավորների թվի ավելացման հնարավորությունը: Նախագծերի փաթեթը հեղինակել է «Իմ քայլը» խմբակցությունը, այն ստացել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դրական կարծիքը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ