Տարածաշրջանային

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհ է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից

2 րոպեի ընթերցում

Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհ է Լատվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստից

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը դժգոհություն է առաջացրել պաշտոնական Անկարայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, թե այդ քայլը «քաղաքական շարժառիթներից ելնելով պատմությունը վերաշարադրելու անհիմն փորձ է»:

«Մենք մերժում և խստորեն դատապարտում ենք այդ որոշումը»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից:

Լատվիան մայիսի 6-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Օրենսդիր մարմնի՝ Սաեյմայի կողմից ընդունված բանաձևում նշվում է, որ Լատվիան դատապարտում է մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները և գիտակցում է այդ հանցագործությունները ճանաչելու և հիշելու իր պարտականությունը՝ դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով: Միաժամանակ ընդգծվել է, որ Լատվիան դատապարտում է այն հանցանքները, սպանդը և բռնի տեղահանությունը, որոնք իրագործվել են Օսմանյան իշխանությունների կողմից հայ ժողովրդի նկատմամբ և հարգում է Հայոց ցեղասպանության բոլոր զոհերի հիշատակը և հարգանքի տուրք է մատուցում բոլոր փրկվածներին:

«Լատվիան հաստատում է, որ պատմական հարցերի շուրջ բաց և ազատ քննարկումներն անքակտելիորեն կապված են առողջ և հասուն ժողովրդավարության զարգացման հետ և կոչ է անում միջազգային հանրությանը գնահատական տալ այս պատմական իրադարձություններին, նայել դեպի այն ապագային, որը ցանկանում ենք կառուցել՝ առանց բռնության և անհանդուրժողականության, ապագա, որտեղ մարդու իրավունքները հարգվում են և յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ և ապահով»,- ասվում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում