Քաղաքականություն

Չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին. Լավրով

2 րոպեի ընթերցում

Չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդգծեց, որ իրենք չեն նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմից հետո բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Լավրովը նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մանրամասն անդրադարձ ենք կատարել Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակին, ընդգծել ենք ձեռք բերված առաջխաղացումը և իրավիճակի կայունացումը: Մենք չենք նվազեցնում ջանքերը, որոնք ուղղված են բոլոր պահվող անձանց հայրենիք վերադարձին, ականազերծմանը, մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասաց Լավրովը:

Սերգեյ Լավրովը նշեց, որ տարածաշրջանում իրավիճակի կայունացման մեջ մեծ դեր ունի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը, որը միտված է տարածաշրջանի ապաշրջափակման հարցերի լուծմանը:

«Մեր հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հարավային Կովկասում խաղաղաության ու կայունացման հարցում»,- եզրափակեց Սերգեյ Լավրովը:

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել երկօրյա այցով:

Մայիսի 6-ին նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել է, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 9-10-ն աշխատանքային այցով կլինի Բաքվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում