Հասարակական

Հայաստանում քաղաքացիները կարող են հեռախոսների մեջ ունենալ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող տեղեկատվություն

3 րոպեի ընթերցում

Հայաստանում քաղաքացիները կարող են հեռախոսների մեջ ունենալ կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող տեղեկատվություն

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ կան առաջին նախանշանները, որ աշխարհը գտնվում է կորոնավիրուսի համավարակի հաղթահարման փուլում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասել է Առողջապահության նախարարությունում կայացած խորհրդակցության ընթացքում: «Այդ նախանշանները կապված են, իհարկե, առաջին հերթին պատվաստանյութերի արտադրության ծավալների հետ: Ըստ էության, Հայաստանում գոնե վերջին շաբաթվա տվյալներով կարող ենք ուրախությամբ արձանագրել, որ կորոնավիրուսի ամենօրյա թվերի որոշակի նվազում ունենք»,- ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր բուժաշխատողներին, առողջապահական համակարգի աշխատակիցներին՝ կարծիք հայտնելով, որ Հայաստանն առաջին օրերից պատվով է դիմակայել համավարակին: «Բայց այսօր մեր խնդիրների բովանդակությունը պետք է քայլ առ քայլ փոփոխության ենթարկվի, և մեր նպատակը պետք է լինի պատվաստումների լայնածավալ իրականացումը: Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ կա առաջին հերթին, իհարկե, առողջապահական բաղադրիչ, բայց ուզում եմ ընդգծել նաև տնտեսական և քաղաքակրթական բաղադրիչը: Մենք կարող ենք արձանագրել, որ տուրիզմի ոլորտում սկսել է թույլ աշխուժություն նկատվել: Նաև ուզում եմ ընդգծել, որ կան բոլոր հիմքերը մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը: Այսօր Հայաստանում մենք պատրաստել ենք այսպես ասած կանաչ անձրագրերի էլեկտրոնային պլատֆորմը, որպեսզի մեր քաղաքացիները իրենց հեռախոսների վրա ունենան իրենց պատվաստումը հաստատող տեղեկատվություն, որը նրանց հնարավորություն կտա ճամփորդել սահմանափակումների առկայության պայմաններում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ մյուս կողմից շատ կարևոր է ՀՀ եկողների բնականոն և հարաճուն հոսքերն ապահովելը: «Կարծում եմ ակնհայտ է, որ աշխարհում հիմա երևկրները գնահատվում են ըստ այնմ, թե բնակչության քանի տոկոսն է ստացել պատվաստում: Այն երկրները, որտեղ պատվաստման տոկոսները բարձր են, համարվում են ցանկալի ուղղություն տուրիզմի համար»,- ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարն արձանագրել է, որ ինչպես այլ պատվաստանյութերի դեպքում, առավելևս կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված կան բազմաթիվ շահարկումներ, քննարկումներ:

Նա կարծիք է հայտնել, որ պետք է բոլոր ջանքերը գործադրվեն, որպեսզի պատվաստումը Հայաստանում դառնա համատարած:

Փաշինյանը հայտնել է, որ այսօրվա դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիների թիվը մի փոքր ավել է 5 հազարից: «Ես ուզում եմ, որ մենք արձանագրենք, որ դա ամենևին էլ բավարար ցուցանիշ չէ, և մենք պետք է մեր ամենօրյա տեմպերն առնվազն կկնապատկենք, և շատ արագ դա պետք է անենք»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում