Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Շարմայի գրքերը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մարտ, 2021

«Երևանյան բեսթսելեր». Շարմայի գրքերը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, 
մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մարտի վաճառքների։

Առաջին տեղում կանադացի գրող Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Ռոբին Շարմայի մեկ այլ գիրք՝ «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը երկրորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել...

Երրորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը, սեփական կյանքի քաոսից փախչելով, հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ ճաշացուցակի մասին հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին՝ 2021-ը որպես նոր մարդ ապրելու համար:

Չորրորդ հորիզոնականում է Յուվալ Նոյ Հարարիի «Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»։ Հարյուր հազար տարի առաջ Երկրի վրա ապրում էր մարդկային առնվազն 6 ցեղատեսակ, այսօր՝ միայն մեկը՝ Homo sapiens-ը: Ի՞նչ պատահեց մյուսների հետ, և ի՞նչ է սպասում մեզ: Մարդկության պատմության մասին գրքերի մեծ մասը կա՛մ պատմական, կա՛մ կենսաբանական մոտեցում է ցուցաբերում, բայց Յուվալ Նոյ Հարարին այս խիստ ինքնատիպ գրքով կոտրում է կարծրատիպերը: Նրա պատմությունը սկսվում է 70 000 տարի առաջ, երբ նոր էր ի հայտ գալիս աշխարհաճանաչողությունը: Հարարին պատմում է, թե զարգացում ապրող մարդն ինչպես է ազդել համաշխարհային էկոհամակարգի վրա և թե ինչպես է կայսրություններ ստեղծել։ Հեղինակը միաձուլում է պատմությունն ու գիտությունը՝ վերանայելով տարածված տեսակետները, անցյալի զարգացումները կապելով ժամանակակից խնդիրների հետ, առանձին իրադարձությունները դիտարկելով ավելի մեծ գաղափարների համատեքստում: Հարարին ստիպում է առաջ նայել, քանի որ վերջին մի քանի տասնամյակների ընթացքում մարդիկ սկսել են շրջանցել բնական ընտրության այն օրենքները, որոնք չորս միլիարդ տարի կառավարել են կյանքը: Ինչի՞ կհանգեցնի այս ամենը, և ինչպիսի՞ն ենք ուզում դառնալ մենք:

Յուվալ Նոյ Հարարիի «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքը հինգերորդ տեղում է: Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանում են ոչ թե թերսնումից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը:

Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք» գիրքը վեցերորդ տեղում է: «Թուրքերը և մենք» ժողովածուն ընդգրկում է հայ հասարակական-քաղաքական մտքի ամենաինքնատիպ ներկայացուցիչներից մեկի՝ գրող Շահան Նաթալիի (Հակոբ Տեր-Հակոբյան) տարբեր տարիների ընթացքում գրած այն ուսումնասիրությունները, որոնք աղերսվում են XX դարասկզբի հայոց պատմության ամենաողբերգական իրադարձությունների՝ Հայաստանի Հանրապետության գոյամարտի ու անկման, թուրքիզմի գաղափարախոսության կոնկրետ դրսևորման ձևերի, Մեծ Եղեռնի պատասխանատուների արդարահատույցի և հարակից այլ հարցերի հետ։

Յոթերորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիարժեք, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Ութերորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, թե իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով և երբեմն անպատշաճ հումորով։

Կարո Վարդանյանի «Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում» գիրքը իններորդ հորիզոնականում է: Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան)` հայ զորահրամանատար, պետական գործիչ և հայդուկապետի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, սակայն այս մեկը առանձնահատուկ հետաքրքրություն կառաջացնի.՝ այն ներառում է ռուս և բրիտանացի զորականների հուշերը:

Տասներորդ տեղում է Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ» գիրքը: Ժամանակակից աշխարհի խոշորագույն դիվանագետ, տեսաբան և փորձագետ Հենրի Քիսինջերն իր «Աշխարհակարգ» գրքում ընթերցողին է ներկայացնում համաշխարհային քաղաքականության իրավիճակային վերլուծությունը, որի նպատակը ներկայիս աշխարհում հարաբերությունների կանոնակարգման փնտրտուքներն են։ Հեղինակը զգուշացնում է, որ ուժերի հավասարակշռության արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում առկա մարտահրավերները կարող են անդառնալի աղետի պատճառ դառնալ:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 454
2 0

Ռոբին Շարմա

«Առաջնորդ՝ առանց պաշտոնի»

Բուկինիստ 405
3 +3

Ջոն Ստրելեքի

«Սրճարան աշխարհի եզրին»

Նոր գիրք 254
4 *

Յուվալ Նոյ Հարարի

«Sapiens. Մարդկության համառոտ պատմությունը»

Newmag 124
5 *

Յուվալ Նոյ Հարարի

«Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն»

Newmag 97
6 նոր

Շահան Նաթալի

«Թուրքերը և մենք»

Բուկինիստ 85
7 +2

Էրիխ Ֆրոմ

«Սիրելու արվեստը»

Էդիթ Պրինտ 74
8 *

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 74
9 -4

Կարո Վարդանյան

«Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում»

Բուկինիստ 53
10 -3

Հենրի Քիսինջեր

«Աշխարհակարգ»

Պրոֆիլ մեդիա 46

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am