Հասարակական

Կորոնավիրուսի այս ալիքը ծանր դեպքերի առումով շատ ավելի զգալի է. նախարար

2 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի այս ալիքը ծանր դեպքերի առումով շատ ավելի զգալի է. նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքն ընթանում է ծանր դեպքերի ավելի մեծ թվով, քան նախորդ ալիքը, իրավիճակը շարունակում է մնալ կայուն ծանր: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ներկայումս ունենք կայուն ծանր իրավիճակ, թվերը, արդեն երրորդ շաբաթն է, որ շարունակում են մնալ կայուն ձևով: Ունենք ծավալված 2600 մահճակալ, որոնք գրեթե միշտ զբաղված են լինում: Այս ալիքը, ցավոք սրտի, ծանր դեպքերի առումով շատ ավելի զգալի է: Աշնանը մինչև 3000 դրական դեպքերի շրջանակում հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը գրեթե նույնքան էր, ինչքան, որ ունենք այս պահին 1000-1100 դրական դեպքերի շրջանում»,-ասաց նախարարը:

Նախարարությունն այդ միտումը նկատել է նաև առաջինից երկրորդ ալիքների ընթացքում, երբ աշնանը հոսպիտալացման կարիք ունեցողների թիվը շատ ավելի մեծ է եղել, քան առաջին ալիքի ընթացքում: Դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով, թեև վերջնական պատասխան տալը դեռևս բարդ է: Ավանեսյանը, սակայն, նշեց շտամերի տարբերությունների և գարնանը մարդկանց դիմադրողականության պակասի ու այլ հանգամանքների մասին:

Օրվա ընթացքում լինում են մարդիկ, որոնք սպասում են հոսպիտալացման իրենց հերթին, սակայն, Ավանեսյանի խոսքով, 1 օրվա ընթացքում հոսպիտալացվում են: Նախարարը վստահեցրեց, որ թե Շտապօգնության ծառայության ողջ անձնակազմը, թե բժշկական կենտրոնները աշխատում են գերլարված: «Այս իրավիճակից դուրս գալու և օրական գրանցվող մահերից խուսափելու համար միակ միջոցը միանշանակ պատվաստումներն են»,-ասաց նախարարն ու հիշեցրեց, որ Հայաստանում արդեն սկսվել են պատվաստումները:

Հայաստանում ապրիլի23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության715նոր դեպք, առողջացել է1123քաղաքացի, մահացել է՝15-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում