1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՊԵԿ-ը վիրավոր զինվորների համար անվճար դասընթացներ կկազմակերպի` կոմիտեում աշխատելու հեռանկար ստեղծելով

ՊԵԿ-ը վիրավոր զինվորների համար անվճար դասընթացներ կկազմակերպի` կոմիտեում 
աշխատելու հեռանկար ստեղծելով

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նա ծանոթացել է վիրավոր զինվորների վերականգնումը կազմակերպելու համար ստեղծված պայմաններին, զրուցել հայրենիքի պաշտպանների հետ և ներկայացրել ՊԵԿ առաջարկը` մասնակցելու նրանց զբաղվածության հարցի լուծմանը:

Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել են զինվորների բուժման ընթացքը և ընդգծել, որ վերականգնողական սարքերով հագեցած կենտրոնն իր հնարավորություններով տարածաշրջանում եզակի է։ Բուժօգնությունից մինչև հոգեբանական աջակցություն` բոլոր ծառայությունները, նաև կեցությունն ու որակյալ սնունդը զինվորական հաշմանդամություն ունեցողների համար անվճար են:

«Զինվորի տանն» ապահովվում է նաև հայրենիքի նվիրյալների ժամանցը, կազմակերպվում են ուսումնական ծրագրեր` նրանց սոցիալական ինտեգրման և զբաղվածության հարցերը լուծելու համար: Այս գործում իր ներդրումն է ունենալու նաև Պետական եկամուտների կոմիտեն:

Զինվորների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Հովհաննիսյանն առաջարկել է հայրենիքի պաշտպանների համար անվճար դասընթացներ կազմակերպել կոմիտեի ուսումնական կենտրոնում` հետագայում ՊԵԿ-ում աշխատելու հեռանկարով:

ՊԵԿ նախագահի դիտարկմամբ` զինվորների համար առավել հարմար տարբերակ կարող է լինել ֆիզիկական ծանրաբեռնվածություն չենթադրող տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային ձևակերպման ոլորտում աշխատանքը: Բայց ուղղություններն այդքանով չեն սահմանափակվում. ՊԵԿ ուսումնական կենտրոնի մասնագետների հետ համատեղ կհստակեցվեն անհրաժեշտ ուսումնական ծրագրերը` կախված մասնակիցների կրթությունից, նախընտրություններից  և ընդունակություններից:

«Յուրաքանչյուրիս պարտքն է զինվորների կատարած սխրանքի, հերոսության համար որևէ օժանդակությամբ վարձահատույց լինել: Անձամբ իմ և համակարգի աշխատակիցների անունից շնորհակալություն եմ հայտնում հերոսներին, առողջություն և շուտափույթ ապաքինում եմ մաղթում»,-նշել է ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:

Վերականգնողական կենտրոնի հետ համագործակցությունը կամրագրվի ՊԵԿ «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ հուշագրի կնքմամբ: Կոմիտեի ղեկավարը ուսումնական կենտրոնի պատասխանատուին հանձնարարել է կարճ ժամանակում գործնական քայլեր կատարել զինվորների ուսումնական ծրագիրը կազմակերպելու և ՊԵԿ համակարգում աշխատանքի նախապատրաստելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]