Հասարակական

ՀՀ-ում նախատեսվում է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ

2 րոպեի ընթերցում

ՀՀ-ում նախատեսվում է ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է Հայաստանում սոցիալական հիփոթեքի համակարգ ներդնելու գործընթաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Հանրապետությունում առկա սոցիալական խնդիրներից առաջնահերթը կացարանի կարիք ունեցող ընտանիքներին կացարանով ապահովելն է, որի բացակայությունն առաջացնում է բազմաթիվ այլ`սոցիալական, առողջապահական, կրթական, ժողովրդագրական խնդիրներ։

Կարևորելով այս հարցի համակարգային լուծումը՝ նախաձեռնել ենք ներդնել սոցիալական հիփոթեքի համակարգը։

Մասնավորապես կացարանի կարիք ունեցող ընտանիքները կկարողանան ստանալ պետության կողմից վարկի մայր գումարի և տոկոսագումարի 100 % սուբսիդավորվող հիփոթեքային վարկ՝ մարզերում բնակարան կամ բնակելի տուն ձեռքբերելու նպատակով։

Կախված երեխաների թվից՝ վարկի գումարը կսկսի 6,500,000 ՀՀ դրամից։ Ընդ որում, ծրագրի շրջանակում կարևորվելու է ընտանիքի սոցիալական վիճակը, և հաշվի առնելով պետության կողմից սուբսիդավորման առկայությունը՝ վարկ ստանալու համար սահմանափակումներ չեն լինելու։

Այս ծրագիրը հնարավորություն կտա մեկընդմիշտ լուծել բազմաթիվ ընտանիքների համար տարիներով անլուծելի համարվող բնակարանային խնդիրները»,- գրել է Առաքելյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում