Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Մի ակնթարթ խոսքի վարպետ Սաադիի հետ» միջոցառմամբ Երևանում նշվեց պարսիկ գրողի մեծարման օրը

«Մի ակնթարթ խոսքի վարպետ Սաադիի հետ» միջոցառմամբ Երևանում նշվեց պարսիկ 
գրողի մեծարման օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարսիկ հեղինակավոր պոետ Սաադիի մեծարման օրվա կապակցությամբ ապրիլի 21-ին Հայաստանի գրողների միությունում անցկացվեց «Մի ակնթարթ խոսքի վարպետ Սաադիի հետ» խորագրով միջոցառումը, որի շրջանակում գրողներն ընթերցեցին վարպետի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում ԻԻՀ դեսպանության մշակութային կցորդ Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային ասաց, որ Սաադիին դասում են այն մեծերի շարքին, ինչպիսիք են Ֆիրդուսին, Օմար Խայամը:

Լուսանկարները` Մխիթար Խաչատրյանի

«Պարսիկ մեծ բանաստեղծները կարողացել են վարպետությամբ ստեղծագործել տարբեր ոճերում՝ սիրային, լիրիկական, էպիկական, բարոյախրատական, դաստիարակչական և այլն, իսկ Սաադին փայլել է գրական բոլոր ժանրերում և կատարելության հասցրել դրանք: Ֆիրդուսիից հետո Սաադիին կարող ենք համարել իրանցի այն պոետը, որը պարսից լեզվի պահպանման գործում մեծ դերակատարություն է ունեցավ: Երբ Պարսկաստանում լայն տարածում էին գտնում արաբական բառերը, Սաադին եկավ՝ վերածնունդ տալով պարսից լեզվին»,-շեշտեց Սեյեդ Հոսեյն Թաբաթաբային՝ ընդգծելով Սաադիի բարոյախրատական և դաստիարակչական պատմվածք-հեքիաթների կարևորությունը:

Նրա խոսքով՝ պարսից պոեզիան գարուն է, և գարնանը մեծարում են պարսից պոետներին: Միջոցառումների շարքն սկսում են Սաադիով և աշխատելու են տարբեր տուն-թանգարանների, համալսարանների հետ՝ իրականացնելով պարսից հեղինակներին նվիրված նախաձեռնություններ: Մայիսի 14-ին նախատեսվում է Ֆիրդուսիի մեծարման օր անցկացնել, իսկ մայիսի 18-ին՝ Օմար Խայամի:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ Սաադին միջնադարի մեծ բարոյագետ էր, որի գործերը 18-19-րդ դարերում թարգմանվել են մի շարք եվրոպական լեզուներով, ինչպես նաև ռուսերեն, հայերեն: «Սաադին ծնվել է Ֆարս նահանգում, որտեղ բազմաթիվ այլ մեծություններ են ծնվել՝ դառնալով համաշխարհային գրականության կարևոր մաս: Հենց Ֆարսում է ձևավորվել պարսիկ ժողովրդի մեծ սերը գրականության հանդեպ, որով նրանք ապրում են: Պարսիկները պոետական ժողովուրդ են իրենց նիստուկացով,  ստեղծածով»,ասաց նա:

Միլիտոնյանը հիշեցրեց, որ Սաադին շեյխ է եղել, գերի ընկել և ճաշակել կյանքի ծանրությունն ու դառնությունը՝ իր հույզերն արտահայտելով «Բոստան», «Գյուլիստան» հրաշալի բարոյագիտական, փիլիսոփայական երկերում, որոնք միջնադարյան գրականության ոգին էին:

«Մենք պետք է ուրախ լինենք, որ մեր թարգմանիչները թարգմանել են Սաադիի  գործերը, և մեր մեծերը՝ Թումանյանը, Իսահակյանը, Չարենցը, ինչպես նաև ժամանակակից գրողները ևս անդրադարձել են Սաադիին»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Միջոցառումը նախաձեռնել էին ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը և Հայաստանի գրողների միությունը:

Պարսիկ բանաստեղծ-մորալիստ Սաադին գրել է շատ բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ՝ որպես սովորեցնող օրինակներ բերելով հենց իր թափառական կյանքի փորձը։ Զգալով աշխարհի անցողիկությունը և ունայնությունը՝ նա համաձայնվել է իրեն նախորդող սուֆիական հայացքներ տեր մյուս բանաստեղծների հետ։ Այդպիսիք էին ինչպես նրան նախորդող, այնպես էլ նրանից հետո ստեղծագործած պոետներ Ֆարիդադդին Աթթարը, Ջալլալէդդին Ռումին, շեյխ Աբդ ալ-Քադիր ալ-Ջիլանին և ուրիշներ։

Լավ ճանաչելով մարդկանց ու մարդկային բնությունը՝ Սաադին միաժամանակ գրում էր, որ ոչ բոլորն են ընդունակ հեռանալու աշխարհից, վարելու միանձնյա կյանք և բացառապես տրվելու հոգևոր պատկերացումներին։ Նա աշխարհիկ կյանք վարողներին խորհուրդ է տալիս վարել ասկետական կյանք, այսինքն ապրել աշխարհի մեջ, սակայն չտրվել աշխարհայինին, հասկանալ դրա անցողիկությունը և ամեն րոպե պատրաստ լինել կորցնելու երկրային ունեցվածքը։

Անժելա Համբարձումյան

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]