Մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու. Փաշինյանը՝ Զանգեզուրի միջանցքի հարցով Ադրբեջանի ցանկության մասին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսության զարգացման համար կարևորում է կոմունիկացիաների բացումը՝ միաժամանակ շեշտելով, որ համատեղ ստորագրված եռակողմ փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք արտահայտություն կա, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Փաշինյանն այս մասին ասաց Վայոց ձորի Զառիթափ համայնքում քաղաքացիների հետ հանդիպմանը:
Վարչապետը շեշտեց, որ Հայաստանի տնտեսությունը պետք է զարգացնել: «Ինչպե՞ս. մենք պետք է գնանք կոմունիկացիաների բացման: Այսօր բոլորն ուզում են վախեցնել՝ ի՞նչպես կլինի, որ Ադրբեջանը Հայաստանով ճանապարհ ունենա դեպի Նախիջևան: Իմիջայլոց, այդ միջանցքի տրամաբանութունը շատ է շահարկվում: Ադրբեջանն անընդհատ հայտարարում է՝ «Զանգեզուրի միջանցք, Զանգեզուրի միջանցք»: Մենք հարց ենք տալիս, ընդգծելով՝ համատեղ ստորագրված փաստաթղթի մեջ ո՛չ Սյունիք, ո՛չ Զանգեզուր, ո՛չ Մեղրի, ո՛չ էլ միջանցք արտահայտություն կա: Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու: Այսինքն ճանապարհ կտանք՝ ճանապարհի դիմաց»,-ասաց Փաշինյանը:
Նա նկատեց, թե Հայաստանի տնտեսությունն ինչ փոփոխություններ կապրի, եթե ունենանք երկաթուղի Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Ռուսաստանի Դաշնության հետ: Սա Փաշինյանը համարեց կարևորագույն խնդիր, որից հետո Հայաստանը հնարավորություն կստանա օգտվելու իր ամենամեծ հարստությունից:
Նա նշեց, որ Հայաստանը պղնձի պաշարներով ամենահարուստ երկրներից մեկն է: Այսօր պղինձը հռչակվել է 21-րդ դարի նավթ: «Բայց մեր ազգային հարստությունից չենք կարողանում լիարժեք օգտվել, որովհետև հանքաքար արտահանող երկիր ենք: Երկաթուղու բացումը մեզ հնարավորություն կտա Հայաստանում պղնձաձուլարան հիմնել: Սա նշանակում է, որ ոչ թե հանքաքար կարտահանենք, այլ մետաղ կարտահանենք, բայց ոչ թե նույնիսկ մետաղ կարտահանենք, այլ մետաղի վերամշակված ապրանք՝ պղնձալար, կաբել»,-ասաց վարչապետը:
Նա նկատեց, որ հիմա պղնձի գինը բարձրացնում է, որովհետև էլեկտրոմոբիլների, կանաչ էներգետիկայի, այլընտրանքային էներգետիկայի դար է, իսկ այլընտրանքային էներգետիկայի և էլեկտրոմոբիլների համար ամենակարևոր կոմպոնենտը պղինձն է: Այսպիսով վարչապետը հույս հայտնեց, որ կկարողանան վերականգնել Հայաստանի երբեմնի արդյունաբերության մակարդակը, որովհետև տնտեսությունը կհիմնվի պղնձի վրա, պղինձը կվերամշակվի՝ կդառնա կաբել և տասնյակ այլ արտադրանքներ, արևային պանելներ: