Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունիս

Կընդլայնվի բազմազավակ ընտանիքներին աջակցության շրջանակը

Կընդլայնվի բազմազավակ ընտանիքներին աջակցության շրջանակը

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոխել բազմազավակ ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցության կարգը: Այդ փոփոխությունները նախատեսված են «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքի նախագծով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական Արտակ Մարկոսյանը նշեց, որ Հայաստանում բազմազավակ ընտանիքների 80 տոկոսից ավելին գտնվում է անապահովության համակարգում: Առաջարկվում է, որ այդ ընտանքիները ոչ թե պարզապես նպաստ ստանան, այլ դրամական աջակցություն տրամադրվի՝ ըստ երեխաների քանակի:

«Այսինքն՝ դրամական աջակցությունն աճող լինի: Դրանից բացի, այս փոփոխությամբ կարևոր խնդիր է լուծվում: Այդ ընտանիքները դուրս կգան անապահովության համակարգից ու կախված չեն լինի դրանից: Այլևս չեն ունենա այն մտավախությունը, որ անասուն պահելու դեպքում անապահովության բալայաին համակարգը կիջնի, ընտանիքից աշխատողներ ունենալու հանգամանքը կազդի և այլն: Առաջարկն ընդունելուց հետո այդ ամենը հաշվի չի առնվի և բազմազավակ ընտանիքը դրամական աջակցություն կստանա ըստ երեխաների քանակի»,- ասաց Արտակ Մարկոսյանը՝ ավելացնելով, որ այդ փոփոխությունները զարգացման մեծ հնարավորություններ կտան: Արտակ Մարկոսյանը նաև տեղեկացրեց, որ խոսքը մոտավորապես 8 հազարից մի փոքր ավելի ընտանքիների մասին է, որոնք ունեն 4 և ավելի երեխաներ:

Դրանից բացի, նախատեսված փոփոխություններով առաջարկվում է բազմազավակ ընտանիքների ծնողներին տալ առողջապահական ապահովագրություն, որպեսզի դրա շրջանակում կարողանան անվճար օգտվել առողջապահական որոշակի ծառայություններից: Առաջարկվում է նաև բազմազավակ մորը, բացի իրեն հասանելիք տարեկան արձակուրդից տարվա մեջ ևս 5-օրյա վճարովի արձակուրդ սահմանել: 

«Մենք պետք է բազմազավակ ընտանիքին տանք հստակ սոցիալական երաշխիքներ: Օրինակ, 4 երեխա ունենալու պարագայում քաղաքացին պետք է իմանա, թե ինչպիսի աջակցությունից կարող է օգտվել: Երաշխավորված լինի այն, որ երեխան գնալու է մանկապարտեզ, հերթի խնդիր չի ունենալու, այնտեղ սովորելու է անվճար, կրթական գործընթացում լինլու են արտոնություններ»,- ասաց Արտակ Մարկոսյանը:

Նոր փոփոխություններով, բազմազավակ ընտանիքների երեխաների պարագայում նախատեսվում է վարձավճարի փոխհատուցում միջին մասնագիտական, բարձրագույն կրթության համակարգում սովորելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ