Գյումրու գեղարվեստի պետական ակադեմիան համալրվել է արեգակնային ֆոտովոլտային փոքր էլեկտրակայանով
2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գյումրու գեղարվեստի պետական ակադեմիան համալրվել է արեգակնային ֆոտովոլտային փոքր էլեկտրակայանով: Ծրագիրն իրականացվել է «Հայկական Կարիտասի» նախաձեռնությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ծրագրի ղեկավար Արտաշես Մարգարյանը՝ 4 մլն 17 հզ ՀՀ դրամ արժողությամբ կայանը հնարավոր է եղել ձեռք բերել Մերձավոր Արեւելքի Կաթողիկե Բարեգործական Ասոցիացիայի հատկացրած միջոցներով /CNEWA/. «Ծրագիրը մեկնարկել է 2021 հունվարին: Ծրագրի շրջանակում կայանը ոչ միայն գնվել, այլ նաև տեղադրվել է ու այսօր արդեն շահագործվում է»,- նշեց Արտաշես Մարգարյանը:
Տարիների ընթացքում իրապես նշանակալի ձեռքբերումներին զուգահեռ այսօր, ցավոք, Գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղն ունի մի շարք խնդիրներ: Դրանցից ամենակարևորը համալսարանի բյուջեն և բյուջեի հատկացումն է: Խնդիրն այն է, որ համալսարանի բյուջեի հիմնական մասն ուղղվում է անձնակազմի աշխատավարձերին, շենքի պահպանմանը եւ կոմունալ ծառայությունների վճարմանը: Ամեն տարի նրանք միլիոնավոր դրամներ են ստիպված վճարել միայն ջեռուցման և էլեկտրաէներգիայի համար, որոնք կարող էին ծախսել ակադեմիայի լաբորատորիաների վերանորոգման, նոր սարքավորումներ գնելու, արվեստի միջազգային նախագծեր իրականացնելու և ուսանողների ուսման վարձը իջեցնելու վրա: Մասնավորապես, յուրաքանչյուր տարի միայն էլեկտրաէներգիայի համար հաստատությունը վճարում է միջինը 750 000-850 000 ՀՀ դրամ, ինչն իսկապես կարող է ուղղվել կրթության որակի բարելավմանը և զարգացմանը։
Արմենուհի Մխոյան