Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նպատակ ունենք, որ մեր ջերմոցները 100%-ով ապահովեն Երևանի պահանջարկը. Հայկ Մարության

Նպատակ  ունենք, որ մեր ջերմոցները 100%-ով ապահովեն Երևանի պահանջարկը. Հայկ 
Մարության

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականից Երևանի բնապահպանական խնդիրների լուծումը վստահվեց նորաստեղծ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային կազմակերպությանը: Գործը սկսելու առաջին նախապայմաններից էր անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերումը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շուրջ մեկ տարվա ընթացքում համայնքային կառույցը ձեռք բերեց ավտոաշտարակներ, ծառերի սրսկման, բեռնատար շուրջ երեք տասնյակ միավոր տեխնիկա: Ավտոհավաքակայանի հագեցվածությանն ու հնարավորություններին ծանոթանում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Կանաչապատման ՀՈԱԿ-ը ստեղծվել է մի նպատակով՝ կենտրոնացնել ամբողջ ներուժը մի տեղում և քաղաքի կանաչապատման համար մշակել մեկ քաղաքականություն: Դրա համար նախ պահանջվում էր տեխնիկայի մեծ ծավալ, որը, ցավոք, բացակայում էր: Բավականին մեծ թվով տեխնիկա գնվեց, որն այսօր արդեն օգտագործվում է»,-նշում է քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Վերջերս ձեռք ենք բերել 18 բեռնաուղևորատար մեքենաներ, որոնք սպասարկելու են վարչական շրջաններում աշխատող այգեպան-բանվորներին: Հերթում են մոտ 10 տարբեր տիպի՝ ինքնաթափեր, ջրցաններ, ավտոաշտարակներ, հատուկ սրսկման սարքավորումներ և աղբատար մեքենաներ, որոնց ձեռքբերման դեպքում էապես կարագացնենք և ավելի արյունավետ կդարձնենք քաղաքում իրականացվող աշխատանքները: Հեռանկարում նախատեսվում է կանաչապատման ոլորտի տեխնիկայի քանակը այսօրվա 50-ից հասցնել 70 միավորի»,-ասում է «Կանաչապատում ևշրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արա Աղայանը:

Մեքենաներն այժմ կայանում են քաղաքային ջերմոցների հարևանությամբ: Շուտով այստեղ կկառուցվի 4300քմ տարածքով ավտոհավաքակայան՝ մեքենաների տեխսպասարկման և նորոգման կայանով, կից պահեստով ու վարչական տարածքով՝ ավտոհավքակայանի և ջերմոցատնկարանային վարչության աշխատակիցների համար։ Այժմ նախագծման գործընթացն է:

Կընդլայնվի նաև ջերմոցային և տնկարանային հատվածը: Շուրջ 25 հա տարածքից այսօր փաստացի օգտագործվում է մոտ 5-ը: Գործունեության 1 տարին վերջերս բոլորած համայնքային կառույցն արդեն հասցրել է սեփական կանաչ տնտեսության հիմքերը դնել: Հենց այստեղ՝ ջերմոցում ու տնկարանում է ծնվում, մեծանում քաղաքին շունչ տվող ծառերի ու ծաղիկների զգալի մասը:

«Տնկարանային տնտեսությունը, ցավոք, զրոյական մակարդակի էր: Նպատակ դրեցինք զարգացնել ջերմոցային տնտեսությունը և ոչ թե գնված ծաղիկները այստեղ ժամանակավոր պահել և տնկել, այլ որոշեցինք ինքներս արտադրել այդ ամենը»,-ընդգծում է քաղաքապետ Մարությանը:

«Այստեղ ներդրվել է դպրոց-տնկարան գործելաոճը, որը սերմից մինչև վերջնական տեղափոխմանը ենթակա ծառաթփատեսակների աճ է ենթադրում»,- մանրամասնում է ջերմոցատնկարանային վարչության պետ Արթուր Խալաթյանը:

«Մեր կարևոր ուղղություններից մեկն այն է, որ բուսատեսակների մեծ մասը լինեն մշտադալար և բազմամյա: Մենք մտադիր ենք կանաչապատումն այնպես կազմակերպել, որ ապահովվի կենսաբազմազանություն և քաղաքի համար ունենա բնապահպանական նշանակություն»,-ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Այսօր ջերմոցում ու տնկարանում շուրջ 30 աշխատակիցների ձեռքով աճեցվում է 30 անուն բույս՝ այդ թվում նաև Կարմիր գրքում գրանցված տեսակներ։ Ջերմոցն ունի նաև գիտական փորձադաշտ: Արդեն 30.000 թուփ, 100 հազար ծաղկի սածիլ և 5 հազար ծառ է աճեցվել այստեղ:

«Նպատակ ունենք, որ ջերմոցները 100 տոկոսով ապահովեն Երևանի պահանջարկը և գնում այլևս չլինի, իսկ գերնպատակը՝ նաև կարողանանք ապահովել Հայաստանի այլ քաղաքներին»,-ընդգծում է Երևանի քաղաքապետը:

Այս տարի նախատեսվում է նաև 30 կմ ոռոգման նոր ջրագիծ անցկացնել: Բնապահպանության ու կանաչապատման ոլորտում քաղաքի անելիքները շատ են. ավելացնել Երևանի կանաչ գոտիների ծավալները, մշակել նոր, երկարաժամկետ ծրագրեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]