Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Վրձնարվեստի տիրակալը, ազգային ճակատագրի բախտակից գեղանկարիչը

Վրձնարվեստի տիրակալը, ազգային ճակատագրի բախտակից գեղանկարիչը

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Աշխարհիս ամեն կողմը ցրված են զորեղ նկարիչներ, որոնցից ամեն մեկն իր գտնված երկրում անուն է հանել եւ հռչակվել հայրենիքից դուրս, զորօրինակ՝ Շահին, որ գտնվում է Փարիզում, Մախոխյան՝ Բեռլինում եւ շատ ուրիշներ: Եվ ամեն անգամ, երբ իրար պատահում էինք, միշտ լուրջ կերպով ցավակցում էինք, որ այդ կերպ անջատված ենք իրարուց եւ չենք կազմում մի ամփոփ ընկերություն: Այդ գանգատը ես անձամբ հանգուցյալ Հովհաննես աղա Այվազովսկուց եւս լսել եմ…»:

Վարդգես ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

 

Այդպես եղել է դարեր շարունակ՝ հայ քանքարի սերմը, ճակատագրի դաժան բերումով, հաճախակի է ընկել  օտար հողում, ծաղկել ու շքեղացել օտար երկնքի տակ՝ բարեբախտաբար, սնուցանվելով ազգային արմատներից՝ չի կորցրել հայի իր գենն ու դիմագիծը: Անուններ չտանք. հաշվելը դժվար կլինի: Այդ երեւելիներից է Վարդգես Սուրենյանցը, որի ապուպապերն Էրգրից էին՝ Էրզրումից, իսկ ինքը ծնվել էր պատմական Ջավախքի հայահոծ Ախալցխա քաղաքում 1860 թ. մարտի 10-ին, հոգեւորականի ընտանիքում:

Ինչպես վկայում են նկարչի մասին գրավոր տեղեկությունները, մի անգամ, երբ ընտանիքով Բախչիսարայում են եղել, փոքրիկ Վարդգեսը կլանված նայել է «Արցունքի շատրվանի» խաչքար հիշեցնող պատվանդանին, քարի վրայով հոսող վճիտ ջրի շիթերին եւ տանը մատիտով այնքան ճշգրիտ է նկարել տեսածը, որ զարմացրել է նույնիսկ իրենց ընտանիքի հանճարեղ բարեկամին՝ Հովհաննես Այվազովսկուն, եւ ծովանկարիչը յուղաներկերի մի տուփ է նվիրել շնորհալի երեխային: Հանճարեղ կանխազգացողություն:

Ապագա գեղանկարիչը ութ տարեկան էր, երբ տեղափոխվում են Սիմֆերոպոլ: Ուսումը շարունակում է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետեւ՝ գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ուսումնարանում: Դրան հաջորդում է ուսումնառությունը Մյունխենի գեղարվեստի կայսերական ակադեմիայում: 1881 թ. ճամփորդում է Իտալիայում. Սուրբ Ղազար կղզում ուսումնասիրում է հայ գրչարվեստն ու մանրանկարչությունը: Չափազանց արգասաբեր էր լինելու Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր Վալենտին Ժուկովսկու արշավախմբի հետ շրջագայությունը Պարսկաստանի Թավրիզ, Թեհրան, Շիրազ, Մազանդարան քաղաքներում, մի քանի ամսյա հանգրվանումը Սպահանում, որտեղ արարվում են արեւելյան թեմաներով սքանչելի կտավները՝ «Հարեմում», «Ֆիրդուսին կարդում է իր «Շահնամե» պոեմը», «Սալոմե», այլ գործեր:  Շրջագայությունների սիրահար գեղանկարիչը լինելու էր նաեւ Ֆրանսիայում, Իսպանիայում, ստեղծելու էր «Ալհամբրա», «Փարիզի Սեն-Ժերմեն եկեղեցին» հրաշալի էտյուդները, իսկ մինչ այդ լինելու էր մայր հայրենիքում, դասավանդելու էր Գեւորգյան ճեմարանում, այցելելու էր Անի, Սեւան՝ ծանոթանալու մեր պատմական հուշարձաններին, Էջմիածնի մատենադարանում պահվող հայկական նկարազարդ ձեռագրերին: Մեկնելու էր Բաքու, Թբիլիսի՝ մասնակցելու «Վերնատան» հավաքներին, հասարակական, մշակութային անցուդարձերին Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, մտերմանալու ժամանակի ականավոր արվեստագետների հետ: 1916 թ. Եղիշե Թադեւոսյանի, Մարտիրոս Սարյանի, Փանոս Թերլեմեզյանի հետ վրաց մայրաքաղաքում հիմնադրելու էր Հայ արվեստագետների միությունը:

Ականավոր արվեստագետի ստեղծագործություններում հարազատ ժողովրդի ճակատագիրն է, նրա հերոսական անցյալը, ընդվզումն ու հույսը, տառապանքն ու հավատը: Մեր ազգային ողբերգության արտացոլումն է «Ոտնահարված սրբություն» ազդու կտավը, որը ցասկոտ բողոք է ընդդեմ հայկական հնադարյան մշակույթի բարբարոսական ոչնչացման: Օտարերկրյա զավթիչների դեմ բողոքի մեկ այլ դրսեւորում է «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» ստեղծագործությունը: Գոյատեւման հավատն է արտահայտված «Հռիփսիմե» կտավում: Գրաֆիկական արվեստի բարձր մակարդակով են արված Օսկար Ուայլդի «Արքայադստեր ծննդյան տոնը» հեքիաթի, հայկական ժողովրդական «Օձամանուկ եւ Արեւահատ», «Մոխրոտ», «Գառնուկ ախպեր», «Իմաստուն օձը» հեքիաթների պատկերազարդումները: Նաեւ նկարազարդել է Մետեռլինգի «Կույրեր», «Այնտեղ՝ ներսում», «Անկոչը» պիեսները, Ա. Պուշկինի «Բախչիսարայի շատրվան» պոեմը, Մարտիրոս Սարյանի հետ՝ Վալերի Բրյուսովի կազմած «Հայկական պոեզիա» ժողովածուն: Յալթայի հայոց եկեղեցու որմնանկարների հեղինակը նույնպես Սուրենյանցն է: Կերպարվեստում դժվար է գտնել մի ոլորտ, որտեղ գեղանկարիչն իր խոսքն ասած չլինի: Ավելին, տիրապետելով տասը լեզուների՝ ուսումնասիրել է տարբեր ազգերի արվեստն ու գրականությունը, ժամանակակիցների վկայությամբ՝ պարսկերեն Հաֆեզ ու Խայամ է արտասանել, անգլերենից Շեքսպիր ու Օսկար Ուայլդ թարգմանել, զեկուցումներ կարդացել իտալերենով, գրել գերմաներեն գրքերի առաջաբաններ, հայերենի բոլոր բարբառներով զրուցել թուրքական ջարդերից մազապուրծ գաղթականների հետ, ռուսերենով կատակել իր մեծանուն բարեկամ Ռեպինի հետ:

Վարդգես Սուրենյանցն ապրել եւ ստեղծագործել է օտար երկնքի տակ, բայց իր ամբողջ էությամբ եւ հոգու ամեն մի թելով կապված է եղել իր ժողովրդի հետ, դարձել նրա բախտակիցը, հույզերի ու խոհերի թարգմանը: «Այդ մեծ արվեստագետը,- գրել է ժողովրդական նկարիչ Փարավոն Միրզոյանը,- եկել է Հայաստան, նկարել Խրիմյան Հայրիկին: Մտածում եմ՝ եթե Հայաստանի Ազգային պատկերասրահում չլիներ Սուրենյանցին նվիրված սրահը, շատ աղքատ կլիներ մեր կերպարվեստի այդ ժամանակաշրջանը: Ես չեմ պատկերացնում հայ կերպարվեստն առանց Սուրենյանցի: Երբ նրա կտավներում ուշադրություն ես դարձնում հայկական տարազին, ապշում ես, թե ինչ ճաշակով ու մեծ զգացմունքով է նկարել նա: Սիրահարվում ես: Սուրենյանցը պատահական չի ասել, որ չի կարող լինել համաշխարհային արվեստ՝ առանց ազգայինի…Նա հայ մեծագույն նկարիչներից է»:

Հանճարեղ գեղանկարիչն ապրեց 61 տարի: 1921 թ. ապրիլի 6-ին նրա վրձինը լռվեց ներկապնակում: Հայ գեղանկարչության երկնակամարում հանգեց եւս մեկ գիսաստղ…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ

  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]