Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». Շարմայի գրքերը՝ առաջատար. փաստավավերագրական, փետրվար, 2021

«Երևանյան բեսթսելեր». Շարմայի գրքերը՝ առաջատար. փաստավավերագրական, 
փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ փետրվարի վաճառքների։

Առաջին տեղում Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հասնել հաջողությունների:

Կանադացի գրող Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» միջազգային բեսթսելերը երկրորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներ: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել...

Գերի Չեփմենի «Սիրո 5 լեզուները» երրորդ հորիզոնականում է: Այս գիրքը վերափոխել է բազմաթիվ մարդկանց հարաբերությունները: Գրքի առաջադրած գաղափարը պարզ է, հստակ, համեմված հումորով: Ընդ որում, այն խիստ անձնական է, բայց շատերի համար կիրառելի: Գրքում տեղ են գտել իրական մարդկանց պատմություններ, որոնց խնդիրները ձեզ ծանոթ կթվան, լուծումները՝ պարզ, բայց անսպասելի: Գրքի ընթերցանությունը կարծես խելամիտ ժամանց է, հետաքրքիր զրուցակցի հետ զբոսանք: Այն մեկընդմիշտ կփոխի ձեր հարաբերությունները՝ կարդալու պահից սկսած:

«Քո սեփական բիզնեսը Հայաստանում» բեսթսելերի հեղինակ Սամվել Գևորգյանի «1 րոպե անց» գիրքը չորրորդ տեղում է։ Այն նախատեսված է այն անձանց համար, ովքեր գնահատում են յուրաքանչյուր րոպեն, ցանկություն ունեն բացահայտելու ամբողջ ներուժը, որոշել են խոչընդոտը դարձնել հնարավորություն, ձեռքից բաց չեն թողնում հնարավորությունները և մշտապես ձգտում են առաջ: «1 րոպե անցը» նախապատրաստում է մարդուն կայացնել կարևոր որոշումներ` կյանքում, բիզնեսում և աշխատանքում: Այն ներկայացնում է, թե ինչպես հասնել անգերազանցելի արդյունքի և երաշխավորված շարժվել միշտ առաջ։

Կարո Վարդանյանի «Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում» գիրքը հինգերորդ հորիզոնականում է: Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան)` հայ զորահրամանատարի, պետական գործչի և հայդուկապետի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, սակայն այս մեկը առանձնահատուկ հետաքրքրություն կառաջացնի՝ այն ներառում է ռուս և բրիտանացի զորականների հուշերը:

Վեցերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ մենյուի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Յոթերորդ տեղում է Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ» գիրքը: Ժամանակակից աշխարհի խոշորագույն դիվանագետ, տեսաբան և փորձագետ Հենրի Քիսինջերն իր «Աշխարհակարգ» գրքում ընթերցողին է ներկայացնում համաշխարհային քաղաքականության իրավիճակային վերլուծությունը, որի նպատակը ներկայիս աշխարհում հարաբերությունների կանոնակարգման փնտրտուքներն են։ Հեղինակը զգուշացնում է, որ ուժերի հավասարակշռության արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում առկա մարտահրավերները կարող են անդառնալի աղետի պատճառ դառնալ:

Ութերորդ հորիզոնականում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը և ազատությունը» գիրքը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից: 

Իններորդ հորիզոնականում է Էրիխ Ֆրոմի «Սիրելու արվեստը» գիրքը: Այն միջազգային բեսթսելեր է, որ 60 տարի է, ինչ ցույց է տալիս միլիոնավոր ընթերցողների, թե ինչպես հասնել լիարժեք, արդյունավետ կյանքի` զարգացնելով սիրո` իրենց թաքնված կարողությունները: «Սիրելու արվեստը» դասական գործում Ֆրոմը բացահայտում է սերն իր բոլոր կողմերով:

Շառլ Ազնավուրի «Քանի սիրտս բաբախում է» գիրքը տասներորդ տեղում է: Ազնավուրն իր Qui երգը գրել է Բուենոս-Աիրեսում, Hier Encore-ը՝ Մոսկվայում, Emmenez–moi-ն՝ Ճապոնիայից վերադառնալիս։ Ազնավուրն իրեն համարում էր տարեց, բայց ոչ հնավանդ, գրում էր անցյալի մասին, բայց այն քննում էր առաջադիմական աշխարհայացքով։ Այս գրքում նա պատասխանում է իր անողոք քննադատների ու դեղին մամուլի մեղադրանքներին, պատմում, թե ինչպես ստացավ 2-րդ անձնագիրը եւ, ի վերջո, ինչու այդպես էլ թոշակի չէր գնում։ Ազնավուրն իրեն հատուկ ոճով շարունակում է սրամտորեն, ինքնահեգնանքով եւ հումորով պատմել իր փորձի, ժամանակակից կյանքի մասին իր պատկերացումների, կյանքի,մահվան, սիրո եւ փողի մասին:

 

 «Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0 Ռոբին Շարմա «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» Բուկինիստ 881
2 0 Ռոբին Շարմա «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» Բուկինիստ 337
3 * Գերի Չեփմեն «Սիրո 5 լեզուները» Newmag 177
4 նոր

Սամվել Գևորգյան

«1 րոպե անց»

Անտարես 162
5 -2 Կարո Վարդանյան «Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում» Բուկինիստ 159
6 0

Ջոն Ստրելեքի

«Սրճարան աշխարհի եզրին»

Նոր գրախանութ 134
7 +3 Հենրի Քիսինջեր «Աշխարհակարգ» Պրոֆիլ մեդիա 127
8 -3

Ռոբերտ Քոչարյան

«Կյանքը և ազատությունը»

հեղ.հրատ 107
9 * Էրիխ Ֆրոմ «Սիրելու արվեստը» Էդիթ Պրինտ 93
10 * Շառլ Ազնավուր «Քանի սիրտս բաբախում է» Newmag 85

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am