Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պատրաստվում եմ կրկին լողի գնալ. 81-ամյա պրոֆեսորը կիսվում է COVID-19-ի դեմ պատվաստման իր փորձով

Պատրաստվում եմ կրկին լողի գնալ. 81-ամյա պրոֆեսորը կիսվում է COVID-19-ի դեմ 
պատվաստման իր փորձով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը հաջողությամբ մեկնարկել է COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը, որն առաջնահերթ իրականացվում է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների և սոցիալական խնամքի կենտրոնների շահառուների և աշխատակիցների, կամավորության սկզբունքով: Մեր զրուցակիցը պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր 81-ամյա Ալեքսեյ Մակարյանն է, ով Հայաստանում COVID-19-ի դեմ առաջին պատվաստվածներից է: Նրա ինքնազգացողությունը լավ է, այժմ որևէ գանգատ չունի, ավելին՝ շատ մոտ ապագայում կյանքի իր գերադասելի ռիթմին վերադառնալու պլաններ է կազմում:

«Ի՞նչ փոխեց COVID-19-ը Ձեր կյանքում» հարցին միանգամից պատասխանում է՝ «COVID-ն ինձ կտրեց ակտիվ գործունեությունից, իմ շրջապատից»: Հետո մանրամասնում. «Տարիներ շարունակ զբաղվել եմ դասախոսական գործունեությամբ, ներկայում միայնակ թոշակառու եմ, երբեմն-երբեմն զբաղվում եմ գիտական գործունեությամբ: Միշտ սիրել եմ սպորտով զբաղվել և երկար տարիներ լողավազան էի հաճախում: Վերջին անգամ նախորդ տարվա մարտի 10-ին եմ եղել լողավազանում: Արդեն մեկ տարուց ավելի է չեմ հաճախում: Անընդհատ սպասել եմ՝ երբ պետք է հաղթահարվի հիվանդությունը, որ նորից ի վիճակի լինեմ զբաղվել լողով»:

Վստահեցնում է, որ կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրերից լրջորեն է վերաբերվել հիվանդությանը: Այնքան զգուշավոր է եղել, որ հստակ հիշում է՝ մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց համաշխարհային համավարակ: Նա լողավազան գնացել էր նախորդ օրը, հենց այդ օրվանից դադարեցրեց հաճախելը: «Ես ընդհանրապես բժիշկների ասածների հանդեպ շատ պարտաճանաչ եմ: Մի քանի վիրահատություններ եմ տարել, հիմա էլ տասնյակ դեղեր եմ խմում ու դեղորայքով շաքարի դեմ եմ պայքարում: Մշտապես շատ զգուշավոր եմ ու հետևում եմ բոլոր կանոններին»,-ասում է մեր զրուցակիցը:

Կարանտինի դժվարությունները հաղթահարելու սեփական «դեղատոմսը»

Կնոջ մահից հետո Ալեքսեյ Մակարյանը Երևանում միայնակ է ապրում, երեխաները Միացյալ Նահանգներում են: Տան մաքրության, ճաշ պատրաստելու և առևտուր անելու հարցերում օգնական ունի, ինչը թեթևացրել է նաև նրա հոգսը կարանտինի օրերին: Ասում է՝ իր համար տարբեր զբաղմունքներ է գտել, երբեմն դուրս էր գալիս մաքուր օդ շնչելու և աշխատում էր գնալ այգիներ, որտեղ կարող էր դիմակ չկրել ու հեռավորություն պահպանել այլ մարդկանցից: Կամ քայլում էր այնպիսի փողոցներով, որոնք ծանրաբեռնված չէին մարդկանցով: «Բոլորովին չեմ անտեսել վարակվելու գեթ փոքր հավանականությունը: Մեծ մասամբ խանութ չէի մտնում, եթե գնումներ էի կատարում, վաճառողին տալիս էի ցուցակն ու գումարը և խնդրում, կշռել ու բերել մթերքն իմ փոխարեն: Ասում էի՝ ձեզ վստահում եմ»,-պատմում է Ալեքսեյ Մակարյանը:

Մի օր վերցրեց հեռախոսը, զանգեց, ու մի քանի օրից կանչեցին պատվաստվելու

Երբ հեռուստատեսությամբ տեսել է, որ մեկնարկել է խոցելի խմբերի պատվաստման գործընթացը, անմիջապես զանգահարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ու հերթագրվել: Երեք օրից կանչել են: «Շատ բարի տրամադրված անձնավորություն էր բժշկուհին: Բացատրեց պատվաստման էությունը, պատասխանեց դեղորայքի հետ կապված իմ հարցերին: «Շուտով ես, այսպես ասած, ազատ քաղաքացի կլինեմ, կարող եմ ավելի ազատ զգալ, իհարկե, պահպանելով բոլոր կանոնները: Ես ծանր չեմ հիվանդանա, բայց հնարավոր է հիվանդությունը փոխանցեմ ուրիշին: Այդպես են ասում»,-պատվաստման իր փորձի մասին մանրամասներ է ներկայացնում Ալեքսեյ Մակարյանը:

Պատվաստանյութի առաջին ներարկումից հետո ախտանշաններ չեն արձանագրվել, երկրորդից հետո որոշակի թուլություն է զգացել, որը ժամեր հետո անցել է: Պատմում է, որ երկրորդ պատվաստման հաջորդ առավոտյան՝ լուսադեմին, որոշակի ծանրություն է զգացել մարմնում, թվացել է՝ ջերմություն ունի, բայց չափել է ու պարզվել է, որ չունի: «Անընդհատ պառկել էի ուզում, վեր կենալու ցանկություն չունեի, հոգնածության վիճակ էր մոտս: Կարծեք թե հիվանդ եմ, բայց դա տևեց 7 ժամ՝ մինչև կեսօր, դրանից հետո՝ ժամ առ ժամ սկսեցի վերականգնվել և երեկոյան 6-7-ի կողմերն արդեն լրիվ առողջացած էի»,-հավելում է նա:

ԱՄՆ-ում ապրող բժիշկ որդին է նաև քաջալերել, որ պատվաստվի

Ալեքսել Մակարյանը նկատում է՝ պատրաստ էր պատվաստմանը, քանի որ տղայի հետ, ով մասնագիտությամբ բժիշկ է ու աշխատում է ԱՄՆ-ում, շատ զրույցներ էր ունեցել այդ թեմայով: Որդին մշտապես հորդորել է չանտեսել բժշկագիտության ձեռքբերումները և վստահել մասնագետներին: Բժիշկ որդին նաև հիշեցրել է՝ մարդկության պատմությունից հայտնի բազում կյանքեր խլած հիվանդությունների կանխարգելման ուղին պատվաստանյութերն են եղել: «Շատ հետևում եմ գրվածներին, հեռուստահաղորդումներ եմ դիտում, հասկանում եմ այդ հիվանդության ծանրությունը, դժվարությունը, բժիշկների աշխատանքը, հոգսերը: Հասկանում եմ՝ ինչքան վտանգավոր է, եթե կարգին ուշադրություն չդարձնենք դրա կանխարգելմանն ու տարածմանը»:

Ասում է՝ շատ է զարմացել, երբ իր տարիքակից ծանոթներին զանգահարում ու խորհուրդ էր տալիս, որ իրենք էլ գնան, պատվաստվեն, հետո հետաքրքրվում էր ու իմանում, որ չեն գնացել: «Նրանց վրա ազդում են շրջապատը, հարևանները, և, որքան էլ զարմանալի է, որոշ բժիշկներ»:

Կյանքի բնականոն ռիթմին վերադառնալու մասին

Անհամբեր սպասում է, որ ապրիլի 10-ից հետո անցնի բուժզննություն և շարունակի ապրել բնականոն կյանքով, այդ թվում՝ հաճախի լողավազան: «Հաստատության տնօրենն իմացել է, որ պատվաստվել եմ, ասել է՝ թող գա, աբոնեմենտն ուժի մեջ է: Շուտով գնալու եմ: Ընկերներս էլ ոգևորված են, միշտ զանգում, հարցնում են՝ ինչպես եմ զգում, կարծում եմ՝ իրենք էլ կգնան պատվաստվելու»:

Հարցին, թե մարդիկ ինչ պետք է անեն կյանքի հին ռիթմին վերադառնալու համար, Ալեքսեյ Մակարյանը նշում է, որ առաջին հերթին պետք է սեփական կարծիք ձևավորեն հիվանդության վերաբերյալ՝ հետևելով վստահելի աղբյուրներին ու մասնագետների ասածներին, այլ ոչ այն մարդկանց, ովքեր այստեղից-այնտեղից լսած կարծիքներ են տարածում: Խորհուրդ է տալիս ապրել այնպես, որ հիվանդության պատճառով իրենց կենցաղը լրիվ չփոխեն: Սահմանափակ ձևով, բայց շարունակեն հաճախել ժամանցի վայրեր ու եթե պայմաններն իրենց չեն բավարարում, թող բարձրաձայնեն դրա մասին:

Հոդվածը տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանի գրասենյակը. այն պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակի օժանդակությամբ։ Հոդվածում ներկայացված կարծիքը պարտադիր չէ, որ արտահայտի Եվրոպական միության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեսակետները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]