Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1909 թ. մարտի 31-ին հեղաշրջման անհաջող փորձից հետո գահընկեց արվեց Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ Բ-ն, ով 1894-1896 թթ. Թուրքիայի տարածքում իրականացրել էր հայ բնակչության ջարդեր, ինչի հետեւանքով զոհվեց ավելի քան 100 հազար հայ: Դաժանության համար ստացել է «Կարմիր սուլթան» անունը։
-1770 թ. մարտի 31-ին անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը, հետազոտելով Նոր Զելանդիան եւ պարզելով, որ դա կղզի է, լքում է այն եւ ուղղություն վերցնում դեպի Ավստրալիա։
-1889 թ. մարտի 31-ին Փարիզում տեղի ունեցավ Էյֆելյան աշտարակի պաշտոնական բացումը, ճարտարագետ՝ Գուստավ Էյֆել։ Հենց սկզբից էլ այն քննադատվել է ֆրանսիացի մի շարք առաջատար արվեստագետների եւ մտավորականների կողմից իր դիզայնի համար, սակայն ժամանակի ընթացքում դարձել է եւ՛ Ֆրանսիայի համաշխարհային տարբերանշանը, եւ՛ աշխարհի ամենաճանաչված կառույցներից մեկը։ Այն Փարիզի ամենաբարձր կառույցն է, ինչպես նաեւ ամենաշատ այցելված հուշակոթողն ամբողջ աշխարհում։ Միայն 2011 թ. աշտարակ է բարձրացել 6.98 միլիոն մարդ։ 2010 թ. աշտարակն ընդունեց իր 250 միլիոներորդ այցելուին։ Այն ունի 324 մետր բարձրություն։ Համեմատելու համար կարելի է նշել, որ այդպիսի բարձրություն ունի 81 հարկանի շենքը
-1901 թ. մարտի 31-ին թողարկվեց առաջին «Մերսեդեսը»՝ «Mercedes 35PS»։
-1993 թ. մարտի 31-ին արցախյան ազատամարտի ժամանակ ազատագրվեց Արցախի նշանավոր վանքերից մեկը՝ Դադիվանքը։
-1994 թ. մարտի 31-ին «Ագռավը» ֆիլմի նկարահանումների ժամանակ պատահական կրակոցից վիրավորվեց եւ մահացավ ամերիկացի դերասան Բրենդոն Լին՝ լեգենդար Բրյուս Լիի որդին (ծնվ.՝ 1965 թ.)։
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Գինին պարունակում է մի օգտակար նյութ՝ ռեսվերատրոլ, որը պաշտպանում է մաշկը կնճիռներից եւ դանդաղեցնում է ծերացման գործընթացները:
-Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ գինին օգնում է նվազեցնել հաստ աղիքի եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը:
-Շաբաթական 2-7 բաժակ գինի խմելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել դեպրեսիայի առաջացման հավանականությունը եւ պահպանել հոգեկան առողջությունը
-Գիտնականները վաղուց ապացուցել են, որ գինին օգնում է նաեւ պահպանել սրտամկանի առողջությունը:
-Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդամենը մեկ բաժակ գինի խմելը կօգնի բարելավել հիշողությունը, ինչպես նաեւ նվազեցնել հետագայում ծերունական մարազմի առաջացման հավանականությունը:
-Ֆինն գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ գինին 34 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան հավանականությունը:
Մ. Ա.