Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Մայիս

ԱԱԾ-ն հայտնում է մի խումբ ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր բացահայտելու մասին

ԱԱԾ-ն հայտնում է մի խումբ ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները 
անցնելու դեպքեր բացահայտելու մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է Սիսիանի ոստիկանության բաժնի որոշ ծառայողների կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր բացահայտելու մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության, կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի և Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները, հետևողական պայքար տանելով  կոռուպցիոն երևույթների դեմ, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցների հետ բացահայտել են ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալի և ոստիկանության նույն բաժնի այլ աշխատակիցների կողմից խարդախությամբ ուրիշի՝ առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները անցնելու դեպքեր:

Այսպես.

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ.Մ.-ն, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի և Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում, քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների և այլնի  վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը՝ չունենալով իրավական ակտերով նախատեսված որևէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջև առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդ կերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց  լիազորությունների շրջանակից:

Մասնավորապես՝ նշված պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջև ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով՝ ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են  առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով հափշտակել են:

Ավելին, անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով, անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ տուժողին պատկանող տեսախցիկները և դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը՝ հափշտակված տեսախցիկները վերադարձնելու և դրանք այլ անձի չվաճառելու դիմաց՝ տուժողից պահանջել  են ընդհանուր 700.000 ՀՀ դրամ գումար, որի մի մասը ոստիկանության ծառայողներից մեկը ստացել է 2021 թվականի մարտի     25-ին՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների վերահսկողության ներքո:

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների  արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ հափշտակված առարկաներ, կենդանիներ,  գումարներ և այլն:

Ոստիկանության վերը հիշատակված պաշտոնատար անձինք ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի հիշյալ աշխատակիցների կողմից կատարված կոռուպցիոն այլ հանցագործությունների դեպքերը բացահայտելու և դրանց արդյունքում տուժած քաղաքացիների ինքնությունները պարզելու ուղղությամբ»:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ