Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1827 թ. մարտի 26-ին մահացել է Լյուդվիգ վան Բեթհովենը՝ գերմանացի մեծագույն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր (ծնվ.՝ 1770 թ.)։ Բեթհովենը դասական երաժշտության մեջ կլասիցիզմի եւ ռոմանտիզմի ժամանակաշրջանների կարեւորագույն գործիչներից է եւ համարվում է ամենահայտնի ու ազդեցիկ կոմպոզիտորներից մեկը։ Նրա լավագույն ստեղծագործությունների շարքն ընդգրկում է 9 սիմֆոնիա, 5 դաշնամուրային կոնցերտ, 1 ջութակի կոնցերտ, 32 դաշնամուրային սոնատ, 16 լարային կվարտետ, մեկ օպերա՝ «Ֆիդելիո»։
-1934 թ. մարտի 26-ին Մեծ Բրիտանիայում մտցվեցին քննություններ ավտոմեքենա վարելու համար։
-1945 թ. մարտի 26-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամերիկյան զորքերը գրավեցին ճապոնական Իվոձիմա կղզին։
-1947 թ. մարտի 26-ին ԽՍՀՄ-ում արգելվեց մահապատիժը։
-1995 թ. մարտի 26-ին ուժի մեջ մտավ Շենգենյան համաձայնությունը։
-1996 թ. մարտի 26-ին Արժույթի միջազգային հիմնադրամը Ռուսաստանին տրամադրեց 6.9 միլիարդ դոլար վարկ, որն ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ։
-1999 թ. մարտի 26-ին Միչիգանի դատարանը հայազգի բժիշկ Ջեք Գեւորգյանին մեղավոր ճանաչեց էֆթանազիայի համար։
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Աշխարհում կա ավելի քան 2 միլիոն տեսակի սունկ, որոնցից դասակարգված են միայն մոտ 80 հազարը:
-Սնկերի շատ տեսակներ գիշատիչներ են: Գիշատիչ սնկերը հատուկ հարմարություններ ունեն, որոնց միջոցով միջատներ են որսում: Կան նաեւ տեսակներ, որոնք փոշոտելով իրենց սպորները եւ ներթափանցելով զոհի մեջ, աճում են նրա մեջ:
-Ճանճասպանի մեջ թույնի պարունակությունն այնքան էլ շատ չէ: Դրանից մահանալու համար անհրաժեշտ է մոտ 4 կգ ուտել: Իսկ դժգույն գարշասունկն այնքան թունավոր է, որ մեկ սունկը կարող է 4 մարդ սպանել:
-Յուրաքանչյուր սունկ միջին հաշվով 90 տոկոսով կազմված է ջրից:
-Աշխարհի երբեւէ հայտնաբերված ամենամեծ սնկերից մեկը համարվում է 1985 թվականին ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գտնված սունկը, որը կշռել է 140 կգ:
-Սնկերը բույսեր չեն, ինչպես երկար ժամանակ ընդունված էր դրանք կոչել, քանի որ չունեն քլորոֆիլ: Սնկերը նաեւ կենդանիներ չեն, քանի որ չունեն ստամոքս:
-Ամենաթանկ սունկը տրյուֆելն է: Դրա մեկ կգ-ն արժե մոտ 2500 դոլար:
-Ամենահետաքրքիր սնկերից մեկը պլազմոդիումն է: Այն կարողանում է քայլել: Իհարկե, շատ դանդաղ է քայլում. մեկ մետրն անցնում է մի քանի օրում:
-Աշխարհի առաջին հակաբիոտիկը` պենիցիլինը, ստացել են սնկից:
-Չեռնոբիլի ԱԷԿ-ի ռեակտորում 2002 թվականին հայտնաբերվել են սնկեր, որոնք իրենց շատ լավ էին զգում: Ընդ որում, այս սնկերին ճառագայթումն անհրաժեշտ էր ապրելու համար, ինչպես արեւը` բույսերի:
Մ. Ա.