Հասարակական

Մեսրոպ Առաքելյանը հայտնում է Զբաղվածության պետական գործակալությունն ամբողջովին բարեփոխելու աշխատանքների մասին

2 րոպեի ընթերցում

Մեսրոպ Առաքելյանը հայտնում է Զբաղվածության պետական գործակալությունն ամբողջովին բարեփոխելու աշխատանքների մասին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանն անդրադարձել է ԱԱԾ-ի կողմից Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի ձերբակալելու լուրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը լուրին անդրադարձել է «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Ցավում եմ, որ պետական համակարգում դեռևս կան պետական ծառայողներ, ովքեր չեն գիտակցում քաղաքացու հանդեպ իրենց բացառիկ առաքելությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է Զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի 9 աշխատակցի՝ այդ թվում նաև տնօրենին։

Չարաշահումներն ստանալու են իրենց իրավական գնահատականը․ դրանց հանդեպ իրավապահ մարմինների արձագանքը կա ու լինելու է ծայրահեղ խիստ։

Զբաղվածության պետական գործակալությունն այսօր, ցավոք, չի իրականացնում իր առաքելությունն այն ծավալով, որը համարվում է մեր նպատակը։ Միևնույն ժամանակ, նախարարությունն այն ամբողջովին բարեփոխելու և զբաղվածության ծրագրերն առաջիկայում օպտիմալացնելու աշխատանքներ է տանում։

Նախատեսվող փոփոխություններից հետո կբարելավվի աշխատանք փնտրող մարդու և գործատուների արդյունավետ կապը՝ նվազեցնելով սուբյեկտիվ և վարչարարական ռիսկերը։

Միասնական սոցիալական ծառայության ստեղծման շրջանակում՝ զբաղվածության ծրագրերը դառնալու են աղքատության հաղթահարման լավագույն գործիքը»,- գրել է նախարարը։

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Գյումրիի տարածքային կենտրոնի տնօրենի և նրան ենթակա աշխատակիցների կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու դեպքեր բացահայտելու մասին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում