Սևանա լճից նախորդ տարի իրականացվել է ավելի քիչ ջրառ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2020-ին Սևանա լճից իրականացվել է ավելի քիչ ջրառ՝ 162 մլն խմ.: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը՝ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
«Անցյալ տարի մենք կարողացել ենք Սևանից ջրառն ավելի քիչ անել: 170 մլն-ի փոխարեն վերցրել ենք 162 մլն խմ.»,-ասաց Տերտերյանը:
Նա դա համարեց լավ ցուցանիշ: Փոխնախարարը նաև կոչ արեց այդ թիվը չկապել Սևանա լճի մակարդակի հետ, քանի որ լճի գոլորշիացումը տարեկան մլրդ-ից ավելի է:
Տերտերյանը նաև հայտնեց, որ շատ մոտ են արդեն Կապսի ջրամբարի շինարարությանը: «Դեռ շինարարությունը չենք սկսել, բայց անցյալ տարի բավականին դժվար ճանապարհ ենք անցել, արդեն ունենք հաղթող ընկերություններ: Հիմա ֆինանսական փաթեթի բացման ընթացքում ենք»,-ասաց նա:
Եթե խանգարող ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ապա շինարարությունը կսկսվի այս տարի:
Ոռոգման նպատակով Սևանա լճից 2020-ին ջրառի չափաքանակը սահմանվել էր մինչև 170 մլն խմ: