Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թաթոյանը խտրական է համարում ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն տվող օրինագիծը

Թաթոյանը խտրական է համարում ՄԻՊ տարեկան բյուջեն կրճատելու հնարավորություն 
տվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խտրական է համարում կառավարության մշակած օրինագիծը, որով հնարավորություն է ստեղծվում կրճատել ՄԻՊ գրասենյակի տարեկան բյուջեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թաթոյանն ասաց մարտի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում:

«Հայաստանի կառավարությունը մշակել է նախագիծ, որով նախատեսվում է վերացնել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի անկախությունը կառավարությունից և ԱԺ-ում կառավարող խմբակցությունից, այսուհետ խնդիրներ բարձրաձայնելու համար քաղաքական իշխանության մարմինները կարող են կրճատել մեր հաստատության ֆինանսավորումը: Հայաստանի ՄԻՊ օրենքում կա ամրագրված դրույթ, որի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման համար նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով հատկացված չափից: Ես այս նախագիծը համարում եմ խտրական, որը ուղղված է ՄԻՊ գործունեությունը սահմանափակելուն»,- ասաց Թաթոյանը:

Արման Թաթոյանը նշեց, որ նախագիծը կառավարության նախարարական կոմիտեում քննարկվել է դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, այնուհետև քննարկումները հետաձգվել են պատերազմի պատճառով ու վերսկսվել 2021թ. հունվարին:

«Այս հարցը կառավարության մարտի 11-ի նիստում ներառվել է, որպես չզեկուցվող հարց, իսկ ինքս այդ հարցին մասին իմացել եմ կառավարության նիստի ընթացքում՝ լրատվամիջոցներից: Նախորդ տարի ես կառավարությունում ներկայացրել եմ մեր սկզբունքային անհամաձայնությունները, իսկ որպես պատճառաբանություն նշվել է, որ նման դրույթները խանգարում են միջազգային ներդրումներին, ֆինանսական բարդությունների առաջացման դեպքում երկրում, բյուջեի մեկ հատվածից մյուսը գումարներ տեղափոխելու դեպքում, ճկունություն չի լինում: Նաև նշվել է, որ, եթե աշխատակազմին գումար հատկացնի պետությունը, օրինակ՝ շենքի վերանորոգման համար, հաջորդ տարի չեն կարող վերցնել այդ գումարը մեզնից»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Արման Թաթոյանը հավելեց, որ ՄԻՊ-ի տարեկան բյուջեն այս տարի կազմել է 532 մլն 480 դրամ է, որից աշխատանքի վարձատրության համար ամբողջ մասը հանած, տարեկան աճը կազմել է 2 մլն 350 հազար դրամ:

Մարտի 11-ին Կառավարության հերթական նիստին ընդունված որոշմամբ  առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը։ Ըստ որի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am