Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Վանականը» առաջին տեղում է . փաստավավերագրական, հունվար, 2021

«Երևանյան բեսթսելեր». «Վանականը» առաջին տեղում է . փաստավավերագրական, 
հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունվարի վաճառքների։

Առաջին տեղում կանադացի գրող Ռոբին Շարմայի «Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքն է, որը համաշխարհային բեսթսելերների շարքում է: Վաճառվել է ավելի քան 6 միլիոն օրինակ, թարգմանվել՝ ավելի քան 42 լեզվով: Գիրքը հասցեագրված է բոլոր նրանց, ովքեր ուզում են փոխել իրենց մտածելակերպը, չեն վախենում դժվարություններից և փորձում են կյանքում առաջ գնալ ու հաջողությունների հասնել:

Ռոբին Շարմայի «Առաջնորդ՝ առանց պաշտոնի» մեկ այլ միջազգային բեսթսելերը երկրորդ տեղում է: Շարման մոտիվացիայի, առաջնորդության և ինքնազարգացման ամենահայտնի մասնագետներից է: Այս գիրքը հրատարակվել է աշխարհի տարբեր լեզուներով, վաճառվել միլիոնավոր օրինակներով: Եթե ինչ-որ մեկն ուզում է հաջողության հասնել, ապա պետք է կարդա այս գիրքը. այն յուրաքանչյուրին կսովորեցնի ճիշտ գործել, օրը նպատակային դարձնել...

Կարո Վարդանյանի «Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում» գիրքը երրորդ հորիզոնականում է: Զորավար Անդրանիկի (Անդրանիկ Օզանյան)` հայ զորահրամանատարի, պետական գործչի և հայդուկապետի մասին գրվել են բազմաթիվ գրքեր, սակայն այս մեկը առանձնահատուկ հետաքրքրություն կառաջացնի՝ այն ներառում է ռուս և բրիտանացի զորականների հուշերը:

Չորրորդ հորիզոնականում է Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը» գիրքը: Ինքնակատարելագործման այս ձեռնարկում հայտնի բլոգերը սովորեցնում է, որ երջանիկ լինելու համար պետք է ոչ թե անընդհատ ձևեր թափել, իբր ամեն ինչ լավ է, այլ պետք է կարողանալ նայել դժվարությունների աչքերին։ Մեզ տասնամյակներ շարունակ սովորեցրել են, որ երջանիկ և հարուստ լինելու համար պետք է ունենալ դրական մտածելակերպ։ Բայց այդ դարաշրջանն ավարտվել է։  Հեղինակը գիտական հետազոտություններով ու սև հումորի օգնությամբ բացատրում է, որ կյանքի որակը լավացնելու համար ոչ թե պետք է կիտրոնը լիմոնադ դարձնել, այլ պարզապես պետք է ուտել այն։ Մենսոնը եզակի մտերմության ազդեցիկ միջավայր է ստեղծում` անձնական պատմություններ պատմելով՝ երբեմն նույնիսկ անպատշաճ հումորով։

Հինգերորդ հորիզոնականում է Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գիրքը: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահն իր գրքում անդրադարձ է կատարում հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաբարդ էջերին: Գրքում տեղ են գտել մինչ օրս չհրապարակված տեղեկություններ և նախկինում գաղտնագրված փաստաթղթեր, ինչպեսև պատմական լուսանկարներ Ռոբերտ Քոչարյանի արխիվից: 

Վեցերորդ տեղում է Ջոն Ստրելեքիի «Սրճարան աշխարհի եզրին» համաշխարհային բեսթսելերը: Գրքում հերոսը սեփական կյանքի քաոսից փախչելով՝ հայտնվում է աշխարհից հեռու մի սրճարանում, որտեղ ճաշացանկի հարցերի և մատուցողների հետ զրույցների միջոցով վերագտնում է իր կյանքի իմաստը։ Գիրքը կօգնի յուրաքանչյուրին գտնել իր գոյության նպատակը, փոխել սեփական կյանքը և յուրաքանչյուրին կտա մոտիվացիայի ահռելի չափաբաժին 2021-ը որպես նոր մարդ դիմավորելու համար:

Յուվալ Նոյ Հարարիի «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքը յոթերորդ տեղում է: Անցյալ դարի ընթացքում մարդկությունն արել է անհնարինը՝ զսպելով սովը, ժանտախտը և պատերազմը: Սա կարծես դժվար է ընդունել, բայց Հարարին միայն իրեն հատուկ ոճով բացատրում է, որ սովը, ժանտախտը և պատերազմը բնության անհասկանալի և անվերահսկելի ուժերից վերածվել են կառավարելի մարտահրավերների: Պատմության մեջ առաջին անգամ մարդիկ ավելի շատ մահանում են ոչ թե թերսնվածությունից, այլ շատ ուտելուց, ավելի հաճախ՝ ծերությունից, քան վարակիչ հիվանդություններից, և ինքնասպան են լինում ավելի շատ, քան սպանվում են զինվորների, ահաբեկիչների և հանցագործների ձեռքով: «Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն» գիրքն ուսումնասիրում է այն ծրագրերը, երազանքներն ու մղձավանջները, որոնք ձևավորելու են 21-րդ դարի օրակարգը՝ մահը հաղթահարելուց մինչև արհեստական կյանք ստեղծելը:

Ութերորդ հորիզոնականում է Վահագն Դիլբարյանի «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը: Գրքում ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են: Նպատակն է՝ կրթել մեր սերնդին, որպեսզի նրանք ավելի գրագետ բիզնես մոտեցումներ ունենան իրենց կարիերայում և սեփական նախագծերում: Գրքի թիրախն է՝ նպատակ ունեցող, բիզնեսով հետաքրքրվող յուրաքանչյուր անձ՝ գործարար, մասնագետ, թե ուսանող: Գիրքը կարդալով՝ ընթերցողը կիմանա 100 մոտեցում, քայլ, հնարք, մեթոդ, ձև, կանոն, սկզբունք սեփական բիզնեսը զարգացնելու համար:

Յուվալ Նոյ Հարարիի «XXI դարի 21 դասերը» իններորդ տեղում է: Հարարին այս գրքով առաջ է քաշում բազմաթիվ կարեւոր հարցեր, որոնց պատասխանները պետք են մեր գոյատեւմանը: Մեր անցյալն ու ներկան հասկանալու ճանապարհին Հարարին ստիպում է մտածել արժեքների եւ իմաստի մասին, հասկանալ, թե ինֆոաղմուկով եւ անորոշությամբ լի այս աշխարհում ո՛րն է մեր առաքելությունը: 21 գլուխներում, որոնք եւ՛ դրդում են ընդվզել, եւ՛ մտածելու տեղիք են տալիս, Հարարին, շոշափում է բազմաթիվ խնդիրներ։ Ինչպե՞ս կարող ենք պահպանել ընտրության ազատությունը, երբ Մեծ տվյալները հետապնդում են մեզ: Ինչպիսի՞ն է լինելու աշխատանքային շուկան ապագայում, եւ ի՞նչ հմտություններ են պետք դրանից դուրս չմղվելու համար: Ինչպե՞ս պետք է պայքարենք ահաբեկչության սպառնալիքի դեմ: Ինչո՞ւ է լիբերալ ժողովրդավարությունը ճգնաժամ ապրում:

Տասներորդ տեղում է Հենրի Քիսինջերի «Աշխարհակարգ» գիրքը: Ժամանակակից աշխարհի խոշորագույն դիվանագետ, տեսաբան և փորձագետ Հենրի Քիսինջերն իր «Աշխարհակարգ» գրքում ընթերցողին է ներկայացնում համաշխարհային քաղաքականության իրավիճակային վերլուծությունը, որի նպատակը ներկայիս աշխարհում հարաբերությունների կանոնակարգման փնտրտուքներն են։ Հեղինակը զգուշացնում է, որ ուժերի հավասարակշռության արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում առկա մարտահրավերները կարող են անդառնալի աղետի պատճառ դառնալ:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում չեն ներառվել հանրագիտարանները:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Դարան-Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 0

Ռոբին Շարմա

«Վանականը, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ 414
2 0

Ռոբին Շարմա

«Առաջնորդ՝ առանց պաշտոնի»

Բուկինիստ 217
3 +3

Կարո Վարդանյան

«Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում»

Բուկինիստ 171
4 *

Մարկ Մենսոն

«Թքած ունենալու նուրբ արվեստը»

Newmag 101
5 *

Ռոբերտ Քոչարյան

«Կյանքը և ազատությունը»

հեղ.հրատ 84
6 +4

Ջոն Ստրելեքի

«Սրճարան աշխարհի եզրին»

Նոր գրախանութ 82
7 0

Յուվալ Նոյ Հարարի

«Homo Deus. Ապագայի համառոտ պատմություն»

Newmag 82
8 *

Վահագն Դիլբարյան

«100 բիզնես գաղտնիքներ»

Էդիթ Պրինտ 73
9 -4

Յուվալ Նոյ Հարարի

«XXI դարի 21 դասերը»

Newmag 63
10 -6

Հենրի Քիսինջեր

«Աշխարհակարգ» 

Պրոֆիլ մեդիա 59

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am