Հասարակական

Հինգ մասնաշենք, տանիքում` ուղղաթիռի հարթակ. Վայոց ձորի մարզը կունենա նոր բժշկական կենտրոն

2 րոպեի ընթերցում

Հինգ մասնաշենք, տանիքում` ուղղաթիռի հարթակ. Վայոց ձորի մարզը կունենա նոր բժշկական կենտրոն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Վայոց ձորի մարզում կկառուցվի նոր բժշկական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթային կարգով գնման գործընթացը:

Վայոց Ձորի մարզի նոր բժշկական կենտրոնը կլինի շուրջ 3800քմ մակերեսով, մեկ հարկանի, նկուղով, բաղկացած՝ հինգ մասնաշենքից: Նախատեսված է տանիքում ապահովել ուղղաթիռի համար հարթակ: Բժշկական հաստատությունը կունենա կաթսայատուն և ենթակայան։ Նախատեսվում է նաև արտաքին ինժեներական ցանցերի և կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման և տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսված աշխատանքների ժամկետը 24 ամիս է:

«Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը», որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» փաստաթղթով: Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար` գնումների կանոնակարգերում սահմանված ձևով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS» (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին: Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված և բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում