Հայրենիքի փրկության շարժման անդամները հանրահավաք են անցկացնում Ազատության հրապարակում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատության հրապարակում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հրավիրած հանրահավաքը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հավաքվածներին կոչ արեց իրենց ընտանիքներին, հարազատներին, ընկերներին հրավիրել Ազատության հրապարակ:
Նա նշեց, որ չեն տրվելու որևէ սադրանքի՝ հավելելով, որ իրավապահները պարտավոր են կասեցնել սադրանքի բոլոր փորձերը: «Իրավապահները՝ որպես ուսադիր կրող, որպես հայրենիքին ծառայելու երդում տված, ռազմական դրության այս պայմաններում պարտավոր են կանգնել բարձրագույն հրամանատարական կազմի, հայոց բանակի գեներալների գնդապետների, գլխավոր շտաբի պետի, պետի տեղակալների, կորպուսների հրամանատարների կողքին և միանալ Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականի պահանջին»,- նշեց Մանուկյանը:
Գեղամ Մանուկյանը դիմեց նաև Ազգային անվտանգության ծառայությանը՝ կոչ անելով կանգնել բանակի հրամանատարական կազմի կողքին:
ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը նշեց, որ այսօր ականատես են եղել հայոց բանակի՝ իր ժողովրդի թիկունքին կանգնելու հայտարարությանը՝ շեշտելով, որ աջակցում են հայոց բանակին: