Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում. ԼՀԿ հայտարարությունը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հակառակ պարագայում մեծ է բախումների վտանգը։
Նշվում է, որ գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարծում է, որ ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ վարչապետը ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա ելույթով: