ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը Գրեգորի Միքսի հետ քննարկել է հետպատերազմյան իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նորընտիր նախագահ Գրեգորի Միքսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության պաշտոնական էջը:
Դեսպանը շնորհավորել է կոնգրեսականին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղուն աշխատանք:
Վարուժան Ներսիսյանը ներկայացրել է հետպատերազմական իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, քննարկել տարածաշրջանային անվտանգությանն ու խաղաղությանն առնչվող հարցեր:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրեգորի Միքսն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ԱՄՆ ներգրավվածության կարևորությունը՝ հանուն ղարաբաղյան հակամարտության տևական ու կայուն հանգուցալուծման:
Քննարկվել են նաև երկու երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների միջև համագործակցության հետագա խորացմանն առնչվող հարցեր: