Ընդդիմությունը դժգոհում է ԱԺ արտահերթ նիստի օրակարգի նախագծերից՝ համարելով կեղծ օրակարգ
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր երկու խմբակցությունները չեն հասկանում արտահերթ նիստով կառավարության ներկայացրած նախագծերի քննարկման հրատապության իմաստը, կարևորությունը, կարծում են, թե այդ նախագծերով իշխանությունը փորձում է կեղծ օրակարգ ձևավորել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդդիմադիրները նման տեսակետ հայտնեցին ԱԺ արտահերթ նիստում:
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացնելով օրակարգում ընդգրկված երկու հարցերից մեկը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը՝ մասնավորապես նշեց. «Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացման և դրանով քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, ինչպես նաև միջդատական քրեական վարույթի գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ»:
ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը նշեց՝ նախագծերի հրատապ քննարկման անհրաժեշտության իմաստը չի հասկանում: Նա հավելեց, որ եթե բերվեր նախագիծ, օրինակ «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, բանակաշինության բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու մասին կհասկանար, բայց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի հրատապությունը չի հասկանում: «Մեր այսօրվա առաջնահերթությունն անվտանգային խնդիրն է դարձել»,-ասաց պատգամավորը:
Բադասյանն արձագանքեց՝ 1.5 տարի է, ինչ քննարկվում է դատական համակարգի ծանրաբեռնվածության հարցը, ասվում է, որ համակարգը ծանրաբեռնված է, գործերի քննությունը երկար է տևում, ինչու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում: «Հիմա մենք մոտ ենք այդ հարցը լուծելուն: Դրա համար էլ հրատապ է»,-ասաց նա:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի կարծիքով ևս՝ պետք է քննարկեին տեղահանված արցախցիների հարցերը, ռազմագերիներին օգնելու հարցերը և Արցախին առնչվող այլ կարևոր հարցեր: «Բայց այդ հարցերը չեն քննարկվում, որովհետև այս իշխանության համար կա շատ ավելի կարևոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը»,-նշեց նա ու հավելեց, որ իշխանությունն ԱԺ է բերում կեղծ օրակարգեր:
Ըստ նրա՝ ԱԺ նախագահը պետք է պատվիրակություն կազմեր, գնային օդանավակայան՝ տեսնելու, թե նախօրեին ինչ էր կատարվում այնտեղ: «Միայն երեկ Երևան-Մոսկվա միակողմանի տոմսը որոշ ավիաընկերություններ դարձրեցին 1050 դոլար»,-նշեց նա: