Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դասադուլ Գյումրու թիվ 25 դպրոցում

Դասադուլ Գյումրու թիվ 25 դպրոցում

ԳՅՈՒՄՐԻ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծնողների որոշմամբ, փետրվարի 2-ին Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում դասադուլ է սկսվել: Դպրոցում դասեր չեն եղել նաև երեկ՝ արդեն ուսուցչական անձնակազմի որոշմամբ:

Բողոքը վերաբերում է դպրոցի տնօրենի նշանակմանը. այստեղ տնօրենի թափուր տեղի մրցույթն անցկացվել էր 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մրցույթին մասնակցել էր 7 հավակնորդ։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել ընտրել տնօրեն․ չնայած 2 թեկնածուներից և ոչ մեկը չէր հավաքել պահանջված 5 ձայնը, նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի օգտին գրանցվել էր 4, իսկ մյուս թեկնածուն` Իրինա Բաղդասարյանը հավաքել էր 2 ձայն: Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն,  ըստ գործող կարգի,  նշանակումը կատարել է փոխվարչապետը՝ հիմք ընդունելով իր աշխատակազմի կողմից 2 թեկնածուների հետ  անցկացրած հեռավար հարցազրույցը։ Ծնողներն ու դպրոցի անձնակազմը նամակ են  հղել փոխվարչապետին՝ խնդրելով տնօրենի նշանակման ժամանակ հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն նախապատվությունը տրվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։

 «Այս ողջ ընթացքում մեր խնդրանքն ու կարծիքը հաշվի չի առնվել, մենք էլ գտնում ենք, որ մեր խնդիրը կարող ենք միայն դասադուլի միջոցով լուծել, դա մեր՝ ծնողներիս որոշումն է։ Մեր դպրոցն ուներ իր թեկնածուին՝ պարոն Մինասյանին, նա շատ հարգալից է, նրան հարգում են ե՛ւ ծնողները, ե՛ւ աշակերտները, ե՛ւ ուսուցիչները, կուզենայինք տնօրեն տեսնել պարոն Մինասյանին»,- «Արմենպրեսի» հետ ունեցած զրույցի ժամանակ ասում է ծնողներից մեկը՝ հավելելով, որ   խախտումներ են եղել նաև տնօրենի նշանակման ժամկետների հետ կապված: «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» համաձայն` ներկայացված փաստաթղթերի հիման վրա, 5 աշխատանքային օրվա ընթացքում, հաստատության` մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որևէ մեկի թեկնածությունը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար, սակայն, նշված դեպքում խախտվել է, եւ փոխվարչապետը հավակնորդի թեկնածության մասին հայտնել է ոչ թե 5 օր անց, այլ երկու ամիս անց։

 Ծնողները վստահեցնում են՝ երեխաները դպրոց չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի վերանայել իր որոշումը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]