Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1885 թ. փետրվարի 2-ին ծնվել է Կոստան Զարյանը (իսկական անուն-ազգանունը՝ Կոստանդին Եղիազարյան)՝ հայ գրող, բանաստեղծ, արձակագիր, արվեստաբան, գրականագետ:
-1894 թ. փետրվարի 2-ին ծնվել է Վաղարշ Վաղարշյանը՝ հայ դերասան, ռեժիսոր, դրամատուրգ, թատերական գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1954), ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1941 եւ 1952)։
-1709 թ. փետրվարի 2-ին Խաղաղ օվկիանոսում գտնվող Մաս-ա-Տերա անմարդաբնակ կղզուց վերցրեցին նավաստի Ալեքսանդր Սելկիրկին, ով դարձավ Դանիել Դեֆոյի հանրահայտ «Ռոբինզոն Կրուզո» վեպի հերոսի նախատիպը: Այդ կղզին ներկայումս կոչվում է Ռոբինզոն Կրուզոյի կղզի։
-1848 թ. փետրվարի 2-ին ավարտվեց ամերիկա-մեքսիկական պատերազմը, ԱՄՆ-ն լիակատար հաղթանակ տարավ Մեքսիկայի նկատմամբ։
-1943 թ. փետրվարի 2-ին փաստացի ավարտվեց Ստալինգրադի ճակատամարտը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարեւոր ճակատամարտերից մեկը։
Հիշարժան փաստեր եւ պատմություններ
-Ջորջ Վաշինգտոնը ձիավարության երկրպագու էր, սակայն վերջինիս համար սկզբունքային էր, որ այն ձին, որը պիտի հեծնի, լինի իդեալական մաքրության. նա անգամ ստուգում էր ձիերի ատամների մաքրությունը:
-Ուիլյամ Հարիսոնի երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել շատ ցուրտ եղանակային պայմաններում, նախագահը մրսել է եւ հիվանդացել թոքաբորբով, արդյունքում՝ մեկ ամիս անց մահացել է: Նա համարվում է Սպիտակ տան ամենակարճաժամկետ ղեկավարը:
-Ջոն Թայլերը համարվում է Սպիտակ տան ամենաբազմազավակ հայրը: Ջոնի երեխաներից 15-րդը ծնվել է, երբ նա եղել է 70-ն անց:
-Աբրահամ Լինքոլնը միշտ կրում էր բարձր սեւ գլխարկ, որի մեջ պահում էր կարեւոր նամակներ, ֆինանսական թղթեր, իրավական նշումներ:
-Ըստ Սպիտակ տան «20-ամյա անեծքի», յուրաքանչյուր նախագահ, ով ընտրվում էր 0-ով վերջացող տարեթվի, մահանում էր իր նախագահական ժամկետը չլրացած: Ռոնալդ Ռեյգանը եղավ առաջինը, ով «կոտրեց այդ անեծքը»:
-Ջորջ Բուշ-ավագը տարբերվում էր այն բանով, որ պաշտում էր մեքսիկական եւ չինական խոհանոցը, փոխարենը երբեք չէր ուտում բրոկոլի:
-Բենջամին Հարիսոնն ատում էր էլեկտրական լույսն ու հրամայում, որ Սպիտակ տանն իր ներկայության ժամանակ բոլոր էլեկտրական լամպերն անջատեն ու մոմեր վառեն:
Մ. Ա.