Ավինյանը ԼՀԿ-ին և ԲՀԿ-ին հրավիրեց քննարկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ հուշագրի ստորագրումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հուշագիր ստորագրելու շուրջ քննարկում իրականացնելու հրավիրեց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ավինյանն ասաց կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Եղիազարյանի այն դիտարկմանը, որ իրենց կուսակցությունը պատրաստ է հիմա էլ մասնակցել արտահերթ ընտրություններին:
«Մենք գործնական քայլերի կարող ենք գնալ և նախնական փուլում քննարկել արտահերթ ընտրությունների գնալու վերաբերյալ հուշագրի ստորագրումը: Նույն հուշագրի ստորագրման քննարկմանն ենք հրավիրում ԲՀԿ մեր գործընկերներին, որպեսզի այդ քաղաքական հարցը վերջնականապես ինչ-որ մի որոշակիություն ստանա, որովհետև այսօր առաջին անգամ է, որ ընդդիմության կողմից նման հստակ դիրքորոշում է արտահայտվում»,- ասաց Ավինյանը: