Հասարակական

ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունների միջև 2001թ. ստորագրված նամակ-համաձայնագրի շրջանակներում, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ, ՀՀ քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիան համալրվել է գերժամանակակից սարքավորումներով, համակարգչային համակարգերով և ծրագրային ապահովումներով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ձեռք բերված սարքավորումները հնարավորություն կտան այսուհետ ոչ միայն լաբորատորիայում, այլև դեպքերի վայրերում համապատասխան քննչական գործողությունների իրականացման ընթացքում, տեղում, առանց համակարգչային համակարգի առգրավման, առանց տեղեկատվության փոփոխման և կորստյան վտանգի, պատճենահանել համակարգչային հիշողության ցանկացած կրիչում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ, տեսագրիչ սարքեր և այլն) առկա ամբողջական տեղեկատվությունը:

Ձեռք են բերվել նաև տարբեր տեսակի գերժամանակակից ծրագրային ապահովումներ՝ նախատեսված բոլոր տեսակի համակարգիչների, բջջային հեռախոսների, տեսագրիչ սարքերի հիշողության կրիչների փորձագիտական հետազոտության, նրանցում առկա տեղեկատվության զննության, հավաքագրման, վերականգնման համար:

Քննչական կոմիտեի համակարգչատեխնիկական լաբորատորիայի գործունեության բարելավումը և այն շարունակաբար նորագույն սարքավորումներով ու ծրագրային ապահովումներով համալրումը կնպաստի քրեական գործերի քննության արդյունավետության բարձրացմանը, ապահովմանն ու հանցագործությունների բացահայտմանը, քաղաքացիներից և կազմակերպություններից առգրավված համակարգչային համակարգերը սեփականատերերին կարճ ժամկետում վերադարձնելուն, ինչպես նաև՝ ՀՀ փորձագիտական հիմնարկներում համակարգչատեխնիկական փորձաքննություններ նշանակելու համար ՀՀ պետական բյուջեից հատկացվող միջոցները տնտեսելուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում