Պաշտոնական

Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են և ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից նաև հայտնել են, որ այս ընթացքում հայկական կողմի գերիների ցուցակներն անընդհատ թարմացվել են ու պարբերաբար ներկայացվել են գործընկերներին՝ հաշվի առնելով ինչպես որոնողական աշխատանքների ընթացքն ու դրանց արդյունքները, այնպես էլ ընթացքում ի հայտ եկող նոր, հավելյալ տեղեկատվությունը:

«Ռազմագերիների հարցով ցանկացած խնդրի Հայաստանը մոտենում է ամենայն պատասխանատվությամբ և զերծ է մնում ձևակերպումներից, որոնք կարող են վնասել մեր հայրենակիցների արագ և անվտանգ հայրենադարձման գործընթացին:

Ինչ վերաբերում է գերիների մասով հայկական կողմի ներկայացրած ցուցակներին, ապա դրանց թվային տվյալների խորհրդապահական բնույթը հաշվի առնելով, հարկ է սոսկ տեղեկացնել, որ դրանք ներկայացվել են պարբերաբար՝ մի քանի փուլով՝ ըստ թարմացումների: Ընդ որում՝ դեռևս դեկտեմբեր ամսին ռուսական կողմին և ԿԽՄԿ փոխանցվել են ամբողջական ցանկերը:

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող գերիների վերաբերյալ թվական տվյալները խորհրդապահական բնույթի են, որոնք ենթակա չեն հրապարակայնացման՝ հաշվի առնելով հարցի գերզգայուն բնույթը»,- ասվում է պարզաբանման մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում