Ոչ մի կանչ չի մերժվել. Շտապօգնության տնօրենը պարզաբանեց բրիգադների ուշացումների պատճառը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շտապօգնություն» ՓԲ ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հերքեց այն պնդումները, թե կորոնավիրուսի հետ կապված կանչերը մերժվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ Թագուհի Ստեփանյանը նշեց, որ ընդհանրապես, անցած տարին բավականին ծանր տարի էր՝ ոչ միայն կորոնավիրուսով պայմանավորված, այլ նաև՝ պատերազմով:
«Շատ են խոսել, որ կորոնավիրուսի հետ կապված կանչերը մերժվել են, սակայն այդպես չի, ոչ մի կանչ չի մերժվել: Ուղղակի որոշ կանչեր, որոնք անհետաձգելի կանչեր չէին, ավելի ուշ են սպասարկվել: Մեզ համար ավելի խնդրահարույց էր այն տարբերակը, որ հիվանդներին հնարավոր չէր հոսպիտալացնել, հիվանդանոցները գերծանրաբեռնված էին: Շտապօգնության բրիգադը տեղ պետք է հասնի մինչև 15 րոպեում, հիվանդի տանը մնա 20 րոպե և որոշի՝ պե՞տք է նրան հիվանդանոց տեղափոխել, թե՞ ոչ: Այդ 20 րոպեն բավական երկարում էր, որովհետև հիվանդը կարիք ուներ թթվածին շնչելու, վիճակը կայունացնելու, բրիգադը հիվանդի տանը կարող էր մնալ մինչև 2 ժամ»,- նշեց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը և հավելեց, որ օրական 50 բրիգադ դուրս էր գալիս կանչի և ժամանակը երկարում էր ու այդ պատճառով ուշացումներ էին լինում:
Թագուհի Ստեփանյանը նաև ասաց, որ ծանրաբեռնված շրջանում բրիգադների թիվն ավելացել է 5-ով, բայց կանչերի «պիկ ժամին» այդ ավելացումն առանձնապես չի օգնել: Նա ընդգծեց, որ Երևանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ն իրականացրել է նաև մարզային կանչեր՝ հիվանդներին տեղափոխելով մարզային հիվանդանոցներ: