1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. ՄԱՍ 1

ՀՀ վարչապետի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը. ՄԱՍ 1

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին։ «Արմենպրես»-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրել են հարցազրույցի սղագրությունն ամբողջությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

Պետրոս Ղազարյան - Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ: Մենք հետևում ենք կարևորագույն իրադարձություններին: Դուք գիտեք, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում արեց արտահերթ ընտրություններ անցկացնելու և այդ թեմայով ընդդիմության հետ կոնսուլտացիաներ անցկացնելու առաջարկով: Այս առաջարկները բավական հարցեր են առաջացրել, և մենք այս հարցերը կփորձենք հասկանալ հենց վարչապետի հետ։


Բարի երեկո, պարոն Փաշինյան, շնորհակալություն մեր հրավերն ընդունելու համար: Պարոն Փաշինյան, Դուք պատերազմից հետո հրապարակեցիք 6-ամսյա Ճանապարհային քարտեզ և ասացիք, որ այդ քարտեզում նշված գործողություններն ավարտելուց հետո նոր կսկսեք, այսպես ասած, քննարկումներ քաղաքական իրավիճակի մասին: Օրեր առաջ Դուք հայտարարեցիք նոր ընտրությունների անհրաժեշտության և կոնսուլտացիաներ սկսելու մասին: Ինչո՞ւ են փոխվել Ձեր պլանները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ արտահերթ ընտրությունների մասին ես մի քանի անգամ խոսել եմ, այդ թվում՝ խորհրդարանի ամբիոնից և, իհարկե, խոսել եմ հարցադրման ձևով: Հարցադրումը եղել է հետևյալը՝ իսկ ինչո՞ւ այն ուժերը, ովքեր պահանջում են վարչապետի հրաժարականը, չեն պահանջում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որովհետև, ի վերջո, իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը, և ժողովրդի կամարտահայտությունն ի ցույց դնելու ձևերից մեկը խորհրդարանական ընտրություններն են՝ այն պարագայում, երբ ակնհայտ է, որ հրապարակում ժողովրդի կամարտահայտությունը հնարավոր չի լինում ի ցույց դնել, այն պայմաններում, երբ ընդդիմությունը վայելում է, ըստ էության, հսկայական ֆինանսական, լրատվական, կազմակերպչական ռեսուրսների:

Ինչ վերաբերում է Ճանապարհային քարտեզին։ Այո, ես հրապարակել եմ Ճանապարհային քարտեզ, և իմ առաջարկի մեջ ես արտահերթ խորհրդարանական ընտրությունների կոնկրետ ժամկետներ չեմ առաջարկում։ Եվ, մյուս կողմից էլ, կարող եմ հույս ունենալ, որ Ճանապարհային քարտեզում նշված հարցերի առաջին շերտն առնվազն կարող է ավելի արագ լուծվել, քան ի սկզբանե նախանշում էինք:

Պետրոս Ղազարյան - Այդ պարագայում ո՞րն է ընդդիմության հետ կոնսուլտացիաների իմաստը: Ի՞նչի շուրջ եք Դուք ցանկանում խոսել: Ընտրությունը ընտրություն է՝ նշանակում եք, գնում եք, ընտրում եք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Առաջին հերթին խորհրդարանական ուժերի հետ խորհրդակցությունների մասին է, որովհետև այսօրվա մեր օրենսդրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միայն մեկ մեխանիզմ կա: Այդ մեխանիզմը հետևյալն է՝ վարչապետը հրաժարական է տալիս, խորհրդարանը երկու անգամ վարչապետ չի ընտրում, և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եվ սրա համար պետք է համաձայնություն ձեռք բերել խորհրդարանական ուժերի հետ: Կամ էլ կա այլ տարբերակ՝ մենք Սահմանադրության մեջ փոփոխություններ ենք իրականացնում, և խորհրդարանն ստանում է ինքնալուծարման և արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու լիազորություն: Եվ ինչո՞ւ եմ խորհրդակցությունների հրավեր անում: Մի պարզ պատճառով՝ կարևոր է, որ այդ որոշումը լինի ոչ թե կառավարության կամ խորհրդարանական մեծամասնության միանձնյա որոշմամբ, այլ դրա շուրջ որոշակի ըմբռնում ձեռք բերելով:

Պետրոս Ղազարյան - Առաջինը շատ արագ արձագանքեցին 17 կուսակցությունները: Նրանք մի քանի փաստարկներ են բերել, և այդ փաստարկները նաև հասարակության մեջ կան՝ թե արդյոք նպատակահարմա՞ր են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ես թվարկեմ։ Տեսեք, նրանք ասում են, որ առաջինը՝ ինչո՞ւ մենք չենք ուզում և ուզում ենք ժամանակավոր կառավարություն. ասում են, որ Դուք պարտվել եք պատերազմում, հետևաբար, Դուք այն անկայունացնող գործոնն եք, որի շուրջ պտտվում են իրադարձությունները: Մարդիկ այսօր չեն բաժանվում նախկինի և ներկայի: Նրանք բաժանվում են Ձեզ համակրողների և Ձեզ չհամակրողների: Եվ ասում են՝ քանի Դուք վարչապետ եք, և Դուք հավակնում եք մնալ մինչև անցկացնեք ընտրություններ, անկայունություն է երկրում լինելու: Իսկ այդ պարագայում ընտրությունը նորմալ չի կարող լինել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, Դուք ինքներդ ասացիք, որ մարդիկ բաժանվում են համակրողների և չհամակրողների, և, հետևաբար, Դուք ինքներդ ասացիք, որ կան մարդիկ, ովքեր համակրում են կամ, եթե այլ կերպ ասենք, կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական տամ, և կան մարդիկ, ովքեր պահանջում են, որ հրաժարական չտամ: Եվ հիմա իմ հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ ենք մենք ելնում այն կանխավարկածից, որ այդ մարդկանցից մի մասի ձայնը պետք է լսվի, մյուս հատվածի ձայնը պիտի չլսվի: Ես առաջարկում եմ մեխանիզմ, որով լսվի բոլորի ձայնը, և այդ ձայների հարաբերակցությունը լինի կշռելի և չափելի: Եվ, ըստ էության, սա հանրային համերաշխություն ձևավորելու մի մեխանիզմ է: Ի վերջո, ինչի՞ մեջ է բանավեճը: Բանավեճը հետևյալի մեջ է՝ ո՞վ պետք է որոշի իշխանության ճակատագիրը: Իմ, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ նախանշված կանխավարկածն այն է, որ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովուրդը:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, տեսեք, նրանք ասում են՝ դա ճիշտ է, բայց նաև Ձեր պատճառով է այդ անկայությունն այսօր, որ մարդիկ բաժանվել են: Դա նրանից է, որ Դուք շարունակում եք պաշտոնավարել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Տեսեք, ևս մի հարցադրում կար։ Դուք ասում եք, որ խոսում ենք պարտության մասին: Եվ շատ կարևոր է հասկանալ, թե ինչու է տեղի ունեցել այդ պարտությունը: Որովհետև, օրինակ, երկու օր առաջ ես հանդիպում էի առաջնագծից վերադարձած, զորացրված քաղաքացիների հետ, և նրանք պատմում են դրվագներ, որոնց էությունը պետք է պարզաբանվի: Օրինակ, պատմում են մի այսպիսի դրվագ՝ թե ինչպես ջոկատը կամ միավորումը գնացել և փորձել է սպառված զենք-զինամթերքը համալրել։ Եվ տալիս են կոնկրետ անձի անուն, ով իրենց հրաժարվել է զենք տալ, և իրենք ստիպված են եղել կոտրել զինամթերքի պահեստի դռները զինվելու համար՝ տեսնելով, որ այդ պահեստն ամբողջությամբ լիքն է բոլոր անհրաժեշտ զենքով և զինամթերքով: Սա, եթե հաստատվի, պարտության պատճառների դրվագներից մեկն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչու է այսպես տեղի ունեցել: Ես կարող եմ վստահ լինել մի բանում, որ, առաջինը, նախ այդ վկայությունն այն մասին է, որ այդ պահեստը լեփ-լեցուն է եղել անհրաժեշտ զինամթերքով, և կոնկրետ անձ կողպել է պահեստի դռները նրանց առաջ և հրաժարվել զենք տրամադրել: Այս դրվագը պետք է պարզաբանվի:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ դավադրությո՞ւն է եղել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես չգիտեմ: Ես գնահատական չեմ տալիս: Ես ասել եմ, որ երբեք չեմ խուսափի պատասխանատվությունից, բայց, մյուս կողմից, նույնքան կարևոր եմ համարում և պարտավորված եմ համարում, որ այս պատերազմի մասին ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա: Որովհետև ամեն անգամ ի հայտ են գալիս դրվագներ, որոնք մանրամասն պարզաբանման անհրաժեշտություն ունեն: Ընդ որում, ես հիմա չեմ կարող դատավճիռ կայացնել։ Հնարավոր է՝ ինչ-որ բան այնպես չի ասվում, հնարավոր է՝ իրականությունը մի փոքր այլ է եղել: Բայց այս ամեն ինչը պետք է պարզաբանվի:

Ի վերջո, կան տասնյակ վկայություններ այն մասին, թե ինչպես մարդիկ, այդ թվում՝ բարձրաստիճան, դեռևս հայկական վերահսկողության ներքո գտնվող բնակավայրերից ընդհուպ հանել են փողոցի լուսավորությունը՝ ասելով, որ սա պետք է հավաքենք, մեզ հետ տանենք: Եվ հնչում են կոնկրետ անուններ: Ես չգիտեմ, կարող է, սուտ են ասում, զրպարտում են, բայց այս ամեն ինչը պետք է պարզաբանվի: Եվ, իմիջիայլոց, այդպիսի մարդիկ կան, ովքեր կապ ունեն նաև ընդդիմության հետ: Ի վերջո, պետք է հասկանա՞նք այս ամեն ինչը, թե՞ չհասկանանք: Ի վերջո, նախընտրական քարոզարշավը նաև հնարավորություն է, որպեսզի բոլորը կանգնեն ժողովրդի առաջ, մեղադրանքները բարձրաձայնեն, ապացույցները ներկայացնեն, և մարդիկ էլ, ի վերջո, կատարեն իշխանության տնօրինողի իրենց դերը:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, տեսեք, Դուք հիմա ասում եք, որ կան այդպիսի վկայություններ, ընդդիմությունն ասում է, որ ինքը վկայություններ է լսել, որ Դուք եք ասել թողեք: Այսպիսի փոխադարձ մեղադրանքներ կան: Որպեսզի սա չքաղաքականացվի և չդառնա քաղաքական մանրադրամ, որովհետև լուրջ հարց է, կա՞ այնպիսի մեխանիզմ, որ այս հարցը քննվի օբյեկտիվորեն և չդառնա բոլոր մեր 30 տարվա պատմության մեջ կնճռոտ հարցերը լուծող հանձնաժողովների պատմության նման, որ ոչ ոք չվստահի, այն կողմը մնա իր կարծիքին, այս կողմը՝ իր, և օբյեկտիվություն չլինի: Ինչպե՞ս լուծել այս հարցը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա կարևորագույն հարցերից մեկն է: Եվ դրա հետ կապված մի քանի առաջարկներ և մի քանի տարբերակներ կան: Բայց որ այդ բոլոր հարցերը պետք է ստանան իրենց պատասխանները, կենսական անհրաժեշտություն է բոլորիս համար: Բոլորիս համար կենսական անհրաժեշտություն է:

Պետրոս Ղազարյան - Շատ լավ: Տեսեք, մյուս քննադատությունը, որ կա՝ ընդդիմությունն ասում է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Հայաստանի սահմանների մասին ոչինչ գրված չէ։ Բայց մենք պարբերաբար բարձունքներ ենք զիջում, Հայաստանի Հանրապետության ճանապարհները հայտնվում են Ադրբեջանի տարածքում, Գորիս-Կապան ճանապարհն անվտանգ չէ։ Պարբերաբար ադրբեջանցիներին տեսնում ենք մեր սահմաններին, ելումուտ են անում ազատ: Նրանք ասում են՝ հարգելի պարոն վարչապետ, Դուք չեք կարողանում այսօր ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Մենք Ադրբեջանին ինչ-որ անհասկանալի սովետական քարտեզներով, GPS-ով, չգիտեմ ինչով, զիջում ենք Հայաստանի Հանրապետության տարածքները, եթե Դուք չեք կարողանում, ինչպե՞ս եք Դուք կազմակերպելու ընտրություններ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կներեք, այդպիսի բան չկա և չի եղել: Ոչ մի ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության սահմանից ներս չի մտել: Տեսեք, մի կողմից ասում են՝ չկան սահմաններ, մյուս կողմից ասում են՝ ադրբեջանցիներն ազատ ելումուտ են անում Հայաստանի Հանրապետության սահմաններ: Ո՞ր սահմանը նկատի ունեն: Եվ, ի վերջո, ամենակարևոր փաստերից և փաստարկներից մեկն այն է, որ մեզ ուղղված շատ մեղադրանքներ իրար բացառող են:

Ես նախկինում էլ դրա մասին ասել եմ՝ մի դեպքում մեզ քննադատում են նրա համար, որ միջոցներ չենք ձեռնարկել պատերազմը կանխելու համար, մյուս կողմից` մեզ մեղադրում են նրա համար, որ միջոցներ ենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար: Ի վերջո, Հայաստանի Հանրապետությունն անկախություն է ստացել որոշակի տարածքով: Եվ եթե հարցեր կան այդ մասին, ես վկայակոչել եմ 2010 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքը, որտեղ դեռ 2010 թվականին ասվում է, որ, օրինակ, Սյունիքի մարզի Որոտան գյուղը սահմանակցում է Ադրբեջանի Հանրապետության հետ։ Եվ տրվում է սահմանի կոնկրետ նկարագրություն: Դա 2010 թվականին:

Պետրոս Ղազարյան - Ասում են՝ դա պետական սահմանին չի վերաբերում, դա մեր ներքին վարչատարածքային բաժանումն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ադրբեջանի Հանրապետության սահմանը ի՞նչ կապ ունի Հայաստանի ներքին վարչատարածքային բաժանման հետ: Ուրեմն եթե իրենք Հայաստանի Հանրապետության տարածքում նկատի են ունեցել, որ Հայաստանի Հանրապետությունից ներս գոյություն ունի Ադրբեջանի Հանրապետության տարածք, էլ ո՞նց են ասում, որ Ադրբեջանի ներկայացուցիչները մտել են Հայաստանի Հանրապետության տարածք: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ներսում կա Ադրբեջա՞ն: Հստակ գրել են օրենքով մարդիկ, որ կամ արևելքից, կամ հյուսիսից, նայած որ տեղանքում, օրինակ՝ Շուռնուխ, Որոտան, Սոթք համայնքների սահմանագիծը համընկնում է Ադրբեջանի Հանրապետության հետ Հայաստանի սահմանի հետ: Այսինքն՝ այսօր տեղի է ունեցել այն, ինչ նկարագրված է 2010 թվականի այդ օրենքի մեջ: Ինչո՞ւ է դա տեղի ունեցել կամ տեղի ունենում՝ նոր պատերազմից խուսափելու համար: Հիմա ենթադրենք, երբ Սերժ Սարգսյանը, օրինակ, հայտնի հարցազրույցի մեջ ասում էր, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել թողնել 7 շրջանները, այդ 7 շրջանների մեջ Զանգելանն ու Կուբաթլուն էլ էր չէ՞ մտնում:

Պետրոս Ղազարյան - Ե՞վ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Եվ այն, որ նկատի է առնվում նույն բանը: Իսկ այս պարագայում, էլի եմ ասում, այն միջոցները, որոնք ձեռնարկվել են, ձեռնարկվել են Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Եվ ես նախկինում ասել եմ, որ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում, ես սրա մասին նախապես եմ ասել, իմ ուղերձներում ես սրա մասին նախապես եմ ասել։ Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցների էությունը՝ այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ:

Պետրոս Ղազարյան - Այսինքն՝ միջազգային երաշխիքներն աշխատեն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այո: Ոչ միայն միջազգային։ Կոնկրետ Ռուսաստանի Դաշնության անվտանգային պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ գործարկելու որևէ խոչընդոտ չլինի: Ի վերջո, շատ են չէ՞ ասում, որ պատերազմի ժամանակ, օրինակ, Ռուսաստանն ինչո՞ւ օգնության չհասավ, երբ Արցախում պատերազմ էր տեղի ունենում: Շատ պարզ պատճառով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն էր, որ մենք փոխադարձ օգնության պայմանագիր կնքել ենք Հայաստանի Հանրապետության տարածքի համար, իսկ մարտական գործողությունները տեղի են ունենում մեր պայմանավորված տարածքից դուրս, մենք այնտեղ չենք կարող անվտանգային աջակցություն ցուցաբերել: Եվ այս մասին հրապարակային հայտարարվել է:

Տեսեք, էլի նույն տրամաբանությունը. օրինակ, ասում են՝ ինչո՞ւ միջոցներ չեն ձեռնարկվել պատերազմը կանխելու համար: Պատերազմը կանխելու միայն մեկ տարբերակ կար՝ 7 տարածքների վերադարձը: Եվ հիմա Զանգելանի և Կուբաթլուի հատվածներում որոշում կայացվել է՝ նոր պատերազմը կանխելու համար և այն տրամաբանությամբ, որ այդ պատերազմը կարող է, եթե էսկալացիա տեղի ունենա, անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, որը կարող է անվտանգային միջազգային համակարգերը չգործարկել մի պարզ պատճառով, որ պարզվի, օրինակ՝ մենք ենք մեղավոր, որ այդ պատերազմն սկսվել է, որովհետև, օրինակ, Հայաստանի Հանրապետությանը չպատկանող տարածքում՝ միջազգայնորեն չպատկանող տարածքում, ներքաշվել ենք ռազմական գործողությունների մեջ:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, դա հասկանալի է, բայց այդտեղ մարդիկ են ապրում, տներ կան, ճանապարհներ կան: Եթե գալիս ես կենցաղային մակարդակի, մարդկանց մոտ պանիկա է սկսվում դրանից: Մանավանդ պատերազմն էլ գումարվում է, մարդկանց մոտ անվտանգության այդ խեղված վիճակն ավելի է խորանում՝ թուրքերը մոտիկացան, ճանապարհները...

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Համաձայն եմ: Բայց այդ ամենից առաջ մենք բազմաթիվ խորհրդակցություններ ենք ունեցել և նաև տարածքային կառավարման մարմինների միջոցով խնդրել ենք, որ այն բնակիչների հետ, ում կարող է դա առնչվել, խոսեն, նրանց ասեն, որ մենք ունենք այսպիսի իրավիճակներ, և եթե հանկարծ լինեն իրավիճակներ, որ իրենց իրավունքները ոտնահարվեն կամ իրենց շահերը չպաշտպանվեն կամ իրենց շահերը ստորադասվեն Սյունիքի անվտանգության շահերին, Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրենց կփոխհատուցի առնվազն կրկնակիի չափով իրենց ունեցած նյութական կորուստների համար: Պարզ է, որ սա հոգեբանական նոր իրավիճակ է ստեղծում: Բայց մենք պետք է կողմնորոշվենք, չէ՞: Այսօր, օրինակ, ասում են, որ Զանգելանի և Կուբաթլուի այդ հատվածները եղել են մեր վերահսկողության ներքո։ Բայց, ի վերջո, դառը իրականությունն այն է, որ մենք այդտեղ հասել ենք, հասել ենք շատ հեռուներից:

Պետրոս Ղազարյան - Բայց հայտարարության մեջ գրվա՞ծ չէ, որ զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ պատերազմն ավարտվել է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա նկատի է առնվում Արցախի շփման գիծը: Արցախի շփման գիծն է նկատի առնվում, և ես ասել եմ նախկինում և խորհրդարանի ամբիոնից, որ քանի որ Կուբաթլուի և Զանգելանի հատվածները 90 տոկոսով եղել են արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ թեմային մենք կանդրադառնանք։ Որովհետև այդտեղ կային խնդիրներ, որոնք պետք էր հավելյալ ճշգրտել, այդ թվում՝ ճանապարհների գործունեության հետ կապված:

Այն, որ կան պրոբլեմներ, դրա հետ կապված ոչ ոք չի վիճում: Բայց երբեմն այդ պրոբլեմները դառնում են լրատվական մանիպուլյացիների առիթ: Ես այն օրը կառավարության նիստում էլ ասացի՝ ասենք, մի դեպքի մասին կարելի է ունենալ 400 հրապարակում, և կարող է՝ տպավորություն ստեղծվի, որ դա 400 դեպքի մասին է: Եվ մենք ամենօրյա ռեժիմով աշխատում ենք՝ նաև մեր քաղաքացիների շահերը լիարժեք պաշտպանելու համար: Ամենօրյա ռեժիմով ենք աշխատում:

Եվ հիմա, օրինակ, ասվում է, որ մեր քաղաքացիները տեսնում են ադրբեջանցիներ: Այո, շատ վատ է, որ այդպես է: Բայց, մյուս կողմից, Արմավիրի մարզի Մարգարա գյուղում, օրինակ, մեր քաղաքացիներն ամեն օր տեսնում են թուրքերի և թուրք սահմանապահների: Հասկանալի պատճառներով դա այդպիսի խուճապ չի առաջացնում: Հիմա մեր խնդիրը պետք է ձևակերպենք՝ մենք ի՞նչ ենք ուզում. մենք այս նոր իրավիճակում պե՞տք է արդյոք կայունացնենք իրավիճակը, թե՞ չկայունացնենք: Ես ասում եմ, որ նախ ամենօրյա աշխատանք է տեղի ունենում, և այո, մեր կառավարությունն ունի բոլոր հնարավորությունները և լծակները՝ կայունությունն ապահովելու համար: Պարզ է, որ շատ բարդ շրջան է լինելու: Շատ բարդ շրջան է լինելու։

Պետրոս Ղազարյան - Մեղադրանքներից մեկն այն է, որ ասվում է՝ Դուք պարտվել եք Ալիևին, և նա հիմա ինչ ուզում, վերցնում է և հոգեբանորեն, քանի որ Դուք եք իշխանության, չեք կարողանում դիմադրել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Օրինակ, ի՞նչ է ուզում և վերցնում:

Պետրոս Ղազարյան - Սյունիքից մասեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հարգելի Պետրոս, Սյունիքից ոչ մի մաս չի վերցվել: Սյունիքի այն նկարագրությունը, որ տրված է 2010 թվականի Հայաստանի Հանրապետության ընդունած վարչատարածքային բաժանմամբ, ոչ միայն Սյունիքի, այլև ամբողջ Հայաստանի Հանրապետության, այն նկարագրությունը, որը տրված է 2010 թվականին ընդունված...

Պետրոս Ղազարյան - Բայց Ադրբեջանը մեզնից մեր օրենքների համաձայն չի ուզում: Ինչ-որ միջազգային նորմերով պետք է ուզի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Չէ: Ուրիշ բան եմ ասում: Ասում եմ՝ Սյունիքի այն նկարագրությունը, որ առկա է 2010 թվականի «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում ...

Պետրոս Ղազարյան - Փոխեք այդ օրենքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շատ լավ: Ասում են՝ ինչո՞ւ այս ընթացքում չէիք փոխել այդ օրենքը: Որովհետև մեզ կմեղադրեին հերթական պրովոկացիոն քայլի համար, որն արագացրեց պատերազմը: Այստեղ մեր պրոբլեմն այն է, որ, էլի եմ ասում, մեզ ուղղված մեղադրանքները շատ հաճախ իրար բացառող են: Մի կողմից ասում են՝ ինչի՞ համաձայնվեցիք հողերը հանձնել, մյուս կողմից ասում են՝ ինչո՞ւ ավելի շուտ չհամաձայնվեցիք հողերը հանձնել: Հիմա ո՞րն է մեղադրանքը: Չի կարելի իրար հակասող երկու բանի մեջ մեղարել: Չի կարելի միևնույն ժամանակ մեղադրել և՜ հող հանձնելու, և՜ հող չհանձնելու մեջ: Հնարավոր չէ:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, շատ լավ, դա մեր ներքին օրենսդրությունն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Օրենսդրության մասին չէ խոսքը:

Պետրոս Ղազարյան - Հայաստանն ինչի՞ հիման վրա է այդ սահմանները ճշգրտում, ի՞նչ հիմքով, ինչպե՞ս ենք որոշում՝ այս գիծն իրենցն է, ճանապարհի այս հատվածը մերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը և Վրաստանն ինչպե՞ս են ճշգրտում:

Պետրոս Ղազարյան - Շատ բան կա, որ ճշգտված էլ չէ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա էլ շատ բաներ կան, որ ճշգրտված էլ չեն, այո, և դրա համար մենք ասում ենք, որ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի չի ունենում: Որոշակի սահմանային կետերի ճշգրտում է տեղի ունենում, սահմանային կետերի ճշգրտում: Հայաստանի Հանրապետությունն անկախություն է ստացել որոշակի տարածքում, ճի՞շտ է: Ո՞րն է այդ տարածքը, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ստացել է անկախություն: Դա Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքն է։ Եվ Սյունիքի մարզը, այն Սյունիքի մարզը, որը գոյություն է ունեցել - նկատի ունեմ այդ անունով չի եղել -գոյություն է ունեցել Խորհրդային Հայաստանում, ամբողջությամբ այսօր էլ նույն ձևով անձեռնմխելի գոյություն ունի:

Հիմա ուրիշ խնդիր։ Շատ լավ, կարևոր փաստարկ է՝ ասում են, որ Զանգելանի և Կուբաթլուի այդ հատվածները պետք չէր հանձնել: Չհանձնելու համար պետք էր ներքաշվել մարտական գործողությունների մեջ, պետք է նոր պատերազմ, մյուս կողմից՝ մեղադրանք, որ մենք միջոցներ չենք ձեռնարկում նոր պատերազմը կանխելու համար: Կարելի՞ էր պատերազմել այդ հատվածների համար, պե՞տք էր պատերազմել այդ հատվածների համար: Այդ հարցին մի պատասխան կա, բայց այդ հատվածները, ցավոք սրտի, այդպես ձևավորվել էր մեր ոչ թե հաջողության, այլ անհաջողության արդյունքում: Մենք այդ կետից տասնյակ և հարյուր կիլոմետրերով առաջ ենք եղել, մենք եկել, հետ ենք հասել այդտեղ չէ՞։ Եվ հարց է դրվում Սյունիքի անվտանգությունն ապահովելու մասին: Այս գործողությամբ, այս որոշմամբ ոչ թե Սյունիքի համար սպառնալիք է ստեղծվել, այլ ապահովվել և երաշխավորվել է Սյունիքի անվտանգությունը: Այո, հոգեբանորեն բոլորիս համար բարդ է, բայց պետք է կայացնել որոշում՝ այդ անվտանգությունն ապահովելու համար, և ես ասացի, թե ինչպես: Այո, կարող էին և կարող են տրանսպորտային, կոմունիկացիաների որոշակի բարդություններ, անհարմարություններ ծագել, բայց դրանք լուծելի հարցեր են։ Եվ լուծվում են և կլուծվեն, հետագայում այլ լուծումներ նույնպես կգտնվեն: Բայց կարևորն այսօր անվտանգությունը, անվտանգային միջավայրի կայունությունն ապահելն է:

Պետրոս Ղազարյան - Պարոն վարչապետ, քանի որ Սյունիքից ենք խոսում՝ հայտարարության մեջ կար մի այսպիսի կետ, ավելի շուտ՝ կետի շարունակություն, որ Սյունիքով պետք է ինչ-որ միջանցք տրամադրենք Նախիջևան-Ադրբեջան։ Կա՞ այստեղ հստակեցում, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ես էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն նրբության վրա, որ հայտարարության մեջ ո՜չ Սյունիք, ո՜չ Մեղրի, ո՜չ միջանցք արտահայտություն գոյություն չունի: Կա տրանսպորտային ուղիների դեբլոկադայի մասին պնդում:

Պետրոս Ղազարյան - Այստեղ կարմիր գծեր կա՞ն մեզ համար, որ, օրինակ, սա չի լինի երբեք:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարմիր գիծը մեր տարածքային ամբողջականությունն է: Բայց ես ուրիշ բան եմ Ձեզ ուզում ասել։ Երեկ, օրինակ, Վերին Լարսն ամբողջությամբ փակ էր բոլոր տեսակի բեռնատարների համար, և սա ծանոթ պատմություն է: Հիմա, օրինակ, եթե պարզվի, որ մենք կարող ենք երկաթուղային հաղորդակցություն ունենալ Ռուսաստանի հետ՝ եթե պարզվի, երկաթուղային հաղորդակցություն ունենալ Իրանի հետ՝ եթե պարզվի Նախիջևանով և՜ Իրանի հետ, և՜ Ռուսաստանի հետ, դա մեզ համար լավ նորություն կլինի՞, թե՞ վատ նորություն:

Պետրոս Ղազարյան - Դա կենսական նորություն կլինի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հիմա, եթե մենք, օրինակ, Նախիջևանով գնալու ենք Իրան՝ եթե ստացվի և մեր բեռները երկաթուղով տեղափոխվելու են Ռուսաստան, ինչպե՞ս ենք պատկերացնում, մենք պետք է ասենք՝ մենք Նախիջևանի և Ադրբեջանի տարածքով պիտի գնանք Ռուսաստան, բայց Ադրբեջանը մեր տարածքով չպիտի գնա Նախիջևա՞ն։ Դա հնարավո՞ր է:

ՄԱՍ 2 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]